Մատչելիության հղումներ

Արցախցիների կյանքը արտաքին ու ներքին քաղաքական շահերի խաղաքարտ. վերլուծաբանները՝ տարհանման մասին


Հայաստանցի վերլուծաբանների համոզմամբ՝ հումանիտար աղետի մեջ հայտնված ու անվտանգային երաշխիքներ չունեցող արցախցիներին տարհանելու հարցը դարձել է աշխարհաքաղաքական ու նաև Հայաստանի ներքաղաքական շահերի բախման առարկա, տարհանման հարցում յուրաքանչյուր կողմ հետապնդում է իր շահը։

Քաղաքական մեկնաբանները կարծում են՝ Ռուսաստանը միանշանակ շահագրգռված է, որ արցախցիները մնան իրենց հայրենիքում, հակառակ պարագայում՝ եթե հայերը դուրս գան այնտեղից, ապա Ռուսաստանը կզրկվի իր ռազմական ներկայությունից Արցախում և հետևաբար տարածաշրջանում։ Այս մոտեցումը կիսում են և՛ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, և՛ վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

«Կորցնելով այդ ներկայությունը՝ Ռուսաստանն էապես կկորցնի ազդեցությունը Ադրբեջանի վրա, թեկուզ թուլացած ազդեցությունը, թեկուզ սահմանափակ ազդեցությունը, իսկ դա ուղիղ իմաստով կանդրադառնա ընդհանրապես Կովկասում Ռուսաստանի ազդեցությանը», - նշեց Հակոբ Բադալյանը։

«Ռուսաստանը, այո, կցանկանար, որ հայերը այնտեղ մնան, որպեսզի արդարացնի իր ներկայությունը», - նշեց Արմեն Բաղդասարյանը։

Արևմուտքը, հակառակը, ըստ Հակոբ Բադալյանի, շահագրգռված է, որ արցախցիները տարհանվեն, ինչի արդյունքում ռուսների դիրքերը տարածաշրջանում կթուլանան։ Մինչդեռ օրերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արևմտյան թևը պնդում էր, որ պետք է հարգվի արցախցիների՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը։

Վերլուծաբանը, սակայն կարծում է, որ կողմերից որևէ մեկը իր իրական շահերի մասին բարձրաձայն չի խոսում. - «Ըստ տարբեր տեղեկությունների և բավականին հավաստի դիվանագիտական աղբյուրների՝ զուտ էվակուցիայի տարբերակը արևմտյան հարթակները առնվազն առաջարկ դիտարկման տեսքով շոշափել են դեռևս ամիսներ առաջ»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերլուծաբանների դիրքորոշումներն այս հարցում միանշանակ չեն։ Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ Բաքուն ամենևին դեմ չէ, որ հենց հայկական նախաձեռնությամբ էվակուացիա տեղի ունենա։ Սա, ըստ քաղաքական մեկնաբանի, թույլ կտա Ադրբեջանին ազատվել և՛ ռուսական ներկայությունից, և՛ ընդհանրապես Արցախի հիմնախնդրից միջազգային ատյաններում ու հետևաբար նաև էթնիկ զտման մեղադրանքներից։

«Ադրբեջանն այս դեպքում կասի, որ Հայաստանը և Արցախի հայությունն իրենք որոշել են էվակուացվել, ինքը որևէ մեկին չի պարտադրել, ինքը ընդամենը լուծել է «զինված խմբերի» հարցը», - նշեց նա։

Արմեն Բաղդասարյանը, մինչդեռ, կարծում է, որ Բաքուն իբրև Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք կցանկանա, որ որոշակի թվով հայեր մնան Արցախում. - «Ադրբեջանն անպայման ցանկանալու է գոնե մի մասին պահել, որպեսզի որպես պատանդ օգտագործելով այդ մարդկանց՝ ճնշումներ գործադրի Հայաստանի վրա, իսկ հետագայում էլ այդ պատրվակով պահանջի, որ Հայաստանի տարածքում էլ ադրբեջանցիներ ապրեն»։

Արցախցիներին տարհանելու շուրջ ծավալվող քննարկումների ֆոնին, պաշտոնական Երևանը հստակ ընդգծեց՝ արցախահայերի տարհանման հարցը իրենց համար պլան «Գ» է, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման քաղաքականություն չի իրականացնի։ Միաժամանակ վարչապետը հերքեց այն պնդումները, թե ինքը չի ցանկանում, որ արցախցիները տեղափոխվեն Հայաստան։

Վերլուծաբան Արմեն Բաղադասարյանը, վարչապետի հենց այս հայտարարություները մեջբերելով, կարծիք է հայտնում, որ Փաշինյանը պատրաստ է վտանգել արցախցիների կյանքը, միայն թե իրեն հանկարծ չմեղադրեն արցախցիներին տարհանելու մեջ։

«Եթե նա 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ այո, կարող էր պատերազմը կասեցնել, և նույն արդյունքը կլիներ, բայց առանց զոհերի, ուղղակի «ինձ կասեին դավաճան»։ Հիմա ես չեմ կարծում, թե մտածելակերպը փոխվել է, եթե նա մի քանի հազար երիտասարդների կյանքը գիտակցաբար կործանեց, որպեսզի հանկարծ իրեն դավաճան չասեն, ի՞նչն է խանգարում, որ նույն կերպ պատրաստ լինի զոհաբերել մի քանի տասնյակ հազար արցախցիների, որպեսզի հանկարծ իրեն չմեղադրեն Արցախը հայաթափելու մեջ», - ասաց նա։

Վերլուծաբանների համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում չպետք է թույլ տալ, որ մարդկանց կյանքը դառնա շահարկումների առարկա ինչպես արտաքին խաղացողների, այնպես էլ Հայաստանի իշխանությունների ձեռքում։ Տարատեսակ շահերը մի կողմ դնելով՝ առաջնահերթ պետք է լինի մարդկանց կյանքն ու անվտանգությունը, հետևաբար բոլոր որոշումները պետք է կայացվեն՝ ելնելով հենց այս տեսանկյունից, ասում են նրանք։

XS
SM
MD
LG