Հանրապետության հրապարակում ընթանում է իշխանությունների հեռացումը պահանջող ուժային կոմիտեի հերթական հանրահավաքը, ինչպես նախորդ օրերին։ Այսօր էլ ընդդիմադիրներն իրենց ակցիաները ամփոփում են այս հրապարակում։
Ողջ օրվա ընթացքում քաղաքում երթեր են անցկացվել, ոստիկանությունն ուժ է կիրառել, եղան ավելի քան ութ տասնյակ բերման ենթարկվածներ, և օրվա երկրորդ կեսից էլ հրապարակն ամբողջապես փակվեց։
ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որ Ազգային կոմիտեի անդամներից մեկն է, իր ելույթը հիմնականում նվիրեց շարժման կարևորությանը։ Նա ասաց, որ եթե մարդկանց հոսքը և իրենց ակցիաների տեմպը չմարի, իրենք կկարողանան իրենց նպատակին հասնել, այն է՝ իշխանությունների հեռացմանը։
«Կամ մենք Նիկոլին ենք ծնկի բերելու, կամ Նիկոլը Հայաստանն է ծնկի բերելու, բայց Հայաստանը ծնկի չի գալու, նրանց հեռացնելու ենք և մեր հայրենիքը պաշտպանելու ենք մինչև վերջ», - ասաց նա՝ շարունակելով. - «Մենք մի նպատակ ունենք, մի խնդիր՝ առաջիկա օրերին մեր քայլերով և գործողություններով պետք է հասնենք այն կրիտիկական կետին, որ այլևս Նիկոլի պաշտպան ոստիկանները զեկուցեն, որ չեն կարողանում դիմադրել ժողովրդին, մենք մեր քայլերով և գործողություններով պետք է կարճ ժամանակում հասնենք այդ օրվան, որպեսզի այսօրվա պես այլևս ոստիկանությունը չկարողանա միջանցք բացել Նիկոլի համար։ Մենք պետք է հասնենք այն աստիճանի, որ իրենք հանձնվեն։ Սա է լինելու առաջիկա օրերին մեր քայլերի և գործողությունների տրամաբանությունը»։
Նախորդ օրերին հանրահավաքներից հետո երթեր են անցկացվել, փողոցներ են փակվել։
Նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն էլ ասաց, որ ցանցային պայքար են սկսում՝ տարբեր ակցիաներ Երևանում ու մարզերում: