Մատչելիության հղումներ

Հունգարիան արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 անդամների համատեղ հայտարարությունը. Ռիկարդ Յոզվիակ


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, արխիվ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, արխիվ

Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն։ Այս մասին X սոցցանցում գրել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը, նշելով, որ տեղեկությունը ստացել է եվրոպական դիվանագիտական երեք աղբյուրներից։

Նախօրեին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունը ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։

«Ադրբեջանի պատասխանատվությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, այդ թվում՝ իրենց տներում առանց վախի և խտրականության ապրելու իրավունքը։ Խաղաղ բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ ճանապարհով խիստ արձագանքի կարժանանա Եվրամիության կողմից»,- նշված է հայտարարությունում։

Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցելել է Երևան։ Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։ Ըստ վարչապետի գրասենյակի հաղորդագրության՝ երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակին։

Վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին ու հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր քննարկվել են նաև Տոյվո Կլաարի ու Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպմանը։

Ըստ Էրդողանի՝ Ղարաբաղում նախագահ ընտրելու փորձը անհանգստացրել էր և Ադրբեջանին և Փաշինյանին

Նյու Յորքում գտնվող Թուրքիայի ի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Թուրքական տանը» լրագրողների հետ կայացած զրույցում ասել է, թե ղարաբաղյան շրջանում Ադրբեջանի «հակաահաբեկչական» գործողությունները չեն ասոցացվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ Հայաստանի հետ, ընդհանրապես Ադրբեջանի գործողությունները, նրա խոսքերով, «ուղղված էին ղարաբաղյան շրջանի բանդիտական խմբավորումների դեմ»։

Էրդողանի ասելով, Ղարաբաղի անջատականների նախագահական ընտրություններ անցկացնելու փորձը լուրջ անհանգստություն էին առաջացրել և՛ Ադրբեջանի մոտ, և՛ Փաշինյանի մոտ։

«Չնայած Ադրբեջանի կողմից բազմաթիվ զգուշացումներին անջատականները չէին դադարում Ղարաբաղում սադրանքների դիմել։ Ի պատասխան Ադրբեջանը անհրաժեշտ միջոցների դիմեց։ գործողությունն ավարտվեց շատ սեղմ ժամկետում, մոտավորեպս 90 կարևոր դիրքեր են խոցվել, և դա վերջն էր», - Նյու Յորքում «Թուրքական տանը» լրագրողներին ասել է Էրդողանը։

Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի։

«Հուսով եմ այդ իրադարձությունները երկարատև խաղաղության քայլ կդառնան։ Հատկապես, եթե Հայաստանը պատշաճ կերպով կատարի իր պարտավորությունները, և խաղաղության համաձայնագրի կետերը իրականացվեն կարճ ժամկետում։ Տարածաշրջանում կհաստատվի խաղաղության և հանգստության մթնոլորտ», - Milliyet թերթի հրապարակման համաձայն՝ ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Վրաստանից անջատված Հարավային Օսիայում կարեկցանքով են հետևում Ղարաբաղի հայերի ճակատագրին

Կովկասում, մասնավորապես Վրաստանից անջատված Հարավային Օսիայի բնակչությունը մտահոգությամբ ու կարեկցանքով է հետևում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրին, սակայն հարավօսական իշխանությունները լռություն են պահպանում, այս օրերին նրանց կողմից որևէ արձագանք, գնահատական չի հնչել, ինչը սոցցանցերում դժգոհություն է առաջացրել, նշում է «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկասա» ծառայությունը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների Հարավային Օսիայում կրկնվելու հեռանկարի հավանականությանը, ապա Ցխինվալում դա հավանական չեն համարում, քանի որ Ռուսաստանը երաշխավորում է իրենց անվտանգությունը ու տեղում ռազմակայան ունի։

Ամեն դեպքում Ղարաբաղի իրադարձություններից առաջացած անհանգստությունը որոշ չափով լիցքաթափել է Ռուսաստանի նախագահի ուղերձը, որով նա ինքնահռչակ Հարավայի Օսիայի ղեկավարին շնորհավորել է «Հանրապետության օրվա» կապակցությամբ։ Ցխինվալիում այդ օրը նշվում է սեպտեմբերի 20-ին, երբ տվյալ պահին Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան շարունակվում էր։ Վլադիմիր Պուտինի ուղերձում ասված է, որ «Ռուսաստանը հետագայում ևս կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել Հարավային Օսիայի իշխանություններին ու ժողովրդին՝ ապահովելու ազգային անվտանգությունը»։

Սակայն այնպես չէ, որ բոլորը անհավանական են համարում Հարավային Օսիայում Ղարաբաղի կրկնության հեռանկարը կամ զուգահեռներ չեն անցկացնում։

«Օրինակ՝ Հարավային Օսիայի միջով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը բացելու այսօրվա ակտիվ խոսակցությունները շատ են նյարդայնացնում։ Հաշվի առնելով, ինչ է կատարվում Ղարաբաղում, ինչ է կատարվում աշխարհում ընդհանրապես՝ վստահություն չկա։ Վաղվա օրվա վստահություն չկա», - ասել է Ցխինվալիի հայ համայնքի ներկայացուցիչ Էլլա Ավակիմովան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG