Մատչելիության հղումներ

ԿԸՀ նախագահ. Համեմատաբար կոռեկտ և հանգիստ քարոզչություն է եղել


ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան, արխիվ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան, արխիվ

«Ծավալներով համեմատելու դեպքում՝ ահագին կոռեկտ և հանգիստ քարոզչություն է եղել, այսինքն, նկատի ունեմ՝ այդ խնդիրները այդքան շատ չեն, զուտ համեմատության մեջ», - շաբաթ օրը ասուլիսի ժամանակ այսպես բնութագրեց Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունների քարոզչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Իհարկե, իդեալում մենք կցանկանայինք, որ եղածն էլ չլիներ ընդհանրապես, որ քարոզչության հետ կապված դժգոհություն ընդհանրապես չլիներ, նկատի ունեմ՝ խախտում: Բայց առայժմ այդ իրավիճակը չունենք», - նշեց Հովակիմյանը:

Խախտումների տեսակների վերաբերյալ «Ազատության» հարցին ի պատասխան՝ ԿԸՀ նախագահն ընդգծեց. - «Եկեք տարբերակենք՝ ես խախտումների մասին չեմ խոսում, ես խոսում եմ ահազանգերի մասին, որովհետև ահազանգերի 70-80 տոկոսը կեղծ են, այսինքն՝ ոչ թե կեղծ են, [այլ] իրենք իրենց հիմքում չունեն խախտման փաստ: Իսկ խախտման մասին այսպես ասենք՝ երբ որ, որ դեպքերում որ մենք տեսել ենք իրոք էնտեղ խնդիր, այսինքն՝ օրենսդրության հետ կապված խնդիր, դա հետևանք է ունեցել»:

«Ասենք՝ պաստառների հետ կապված են խնդիրներ եղել, պարբերաբար անընդհատ զբաղվել ենք, անընդհատ այդ թվում քաղաքապետարանից ենք պաշտոնական գրություններով պահանջել, որպեսզի իրենք չնախատեսված վայրերի պաստառները հեռացնեն: Քարոզչական այլ նյութերի հետ կապված խնդիրներ են եղել, որը դիտորդներն են բարձրացրել, ու նորից էլի օպերատիվ ընթացք է տրվել, լուծվել է: Ուզում եմ ասել՝ ընթացիկ անընդհատ խնդիրներ կան, որոնք լուծվում են», - մանրամասնեց Հովակիմյանը:

Օտարերկրացիների հաշվառման հետ կապված խնդիրների վերաբերյալ, որոնք բարձրաձայնվում են այս օրերին, ԿԸՀ նախագահն ասաց. - «Ոստիկանության միգրացիայի և քաղաքացիության ծառայության հրապարակած տվյալներով՝ օտարերկրացի, որոնք որ հաշվառված են և քվեարկելու են, ընդամենը 14 հազար օտարերկրացի են, որից 10 հազար 308-ը, եթե չեմ սխալվում, թիվը կարող է սխալվեմ, ճշգրտությունը, ՌԴ քաղաքացիներ են: Շատ են, այս ընթացքում տարբեր ազգությունների հետ կապված անընդհատ շահարկումներ եմ ես տեսնում, սա նախ՝ տեղին չի, ուղղակի զուտ ազգային պատկանելության [առումով], բայց, ասենք, եթե այդպես, զուտ տվյալները, ինչի՞ համար եմ ասում՝ այդ տվյալները հրապարակված են, կարող եք վերցնեք դուք նայեք»:

«Ինչ վերաբերում է, թե, ասենք, որ հասցեում, ինչո՞ւ է ստացվել, որ այդպես շատ են, ես չէի ցանկանա, որպեսզի անձնագրայինի փոխարեն դա պատասխանեի: Վաղը անձնագրային, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավարը լինելու է ԿԸՀ-ում՝ բրիֆինգին, ինքը բոլոր հարցերի պատասխանը կտա», - խոստացավ Վահագն Հովակիմյանը:

XS
SM
MD
LG