Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում հրապարակված տեղեկությունը, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ժամը հազար դրամով երթերի մասնակիցներ է բերում։
«Ականատես» դիտորդական առաքելությունն էր այսօր իր ուսումնասիրությունը ներկայացրել՝ պնդելով, թե մարկետինգային մի ընկերություն Տիգրան Ավինյանի քարոզարշավի համար մարդկանց է հավաքագրում։ Դիտորդական առաքելությունը, իր հերթին, հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ խնդրելով պարզել՝ կա արդյոք քայլերթին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հանցակազմ։ Դատախազությունը այս հաղորդումը դեռ չի ստացել։
Սկանդալային այս տեղեկությունը իշխող ուժը անմիջապես զրպարտություն համարեց՝ իր հերթին կոչ անելով իրավապահ մարմիններին անհապաղ ստուգել տեղեկատվության իսկությունը։ «Աներկբայորեն պետք է պարզել այս գործողությունը կատարողի կամ այս պատմությունը բեմադրողի ինքնությունը»,-Ֆեյսբուքում գրել է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը։
Իշխող ուժը պնդում է՝ իրենց գործունեության ընթացքում միշտ մերժել և շարունակում են մերժել գումարի դիմաց քաղաքացիներին հանրահավաքներին, երթերին ներգրավելու արատավոր երևույթը։
«Սրանք քաղաքական ընտրություններ են, այո». Ավինյան
«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը երեկ՝ Երևանի ավագանու ընտրություններից երկու շաբաթ առաջ, փաստացի փոխեց խոսույթը՝ ուզում եք քաղաքական, ուրեմն սրանք քաղաքական ընտրություններ են։
«Կարճ ասած՝ սրանք քաղաքական ընտրություններ են, այո, ու այն, ինչ որ իրենք մտածում են, որ այս ընտրություններով քաոս են կարողանալու ստեղծել, դա էլ չեն կարողանալու անել», - ասաց նա։
Մինչև օրս Արցախը ընդդիմադիրների օրակարգի մեխն էր, Ավինյանը խոսում էր բացառապես երևանյան խնդիրների մասին, լուծման տարբերակներ առաջարկում, թվարկում արածն ու չարածը։ Ավինյանը չթաքցրեց՝ շաբաթ օրը Ազատության հրապարակի հարթակից ընդդիմադիրների ելույթներն էր լսել Արցախի հարցի շուրջ ու եզրակացրել՝ 30 տարիների ընթացքում եթե մայրաքաղաքաղի խնդիրները՝ մանկապարտեզների, դպրոցների, բակերի հարցը, լուծեին, գուցե այս օրի չհասնեինք։
«Ուրեմն ամեն ընտրության բերան Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում, ու այս անգամ հախներից եկանք, դրա համար սենց կարճ տևեց, շատ կտրուկ պատասխան տվեցինք ու մեր հայկական զենքերով, որը սկսել ենք անցյալ տարվանից գնել։ Ուզում եք քաղաքական, լսեք քաղաքական ուրեմն», - հայտարարեց նա։
Այսօր արդեն Շենգավիթում քարոզարշավ իրականացնելիս քաղաքապետի իշխանական թեկնածուն նույն միտքը ավելի մեղմ ձևակերպումներով կրկնեց. - «Բայց ես չեմ կարծում, որ երևանցիներին քաղաքական ելույթներն այս պահին այդքան հետաքրքիր են»։
Ավինյանի հետ այսօր քարոզչական բուկլետ էին բաժանում նաև ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ու ևս մի քանի ՔՊ-ական պատգամավորներ։
Օրենսդիր մարմի ղեկավարը վստահ է, որ Երևանի հարցերը պետք է տարանջատվեն Արցախի թեմայից, իսկ մնացած ուժերի զգալի մասին անվանեց մարիոնետներ, որոնք տարբեր շահեր են սպասարկում։
«Հիմա, կարծում եմ, Երևանի քարոզարշավը վերածել Արցախի հարցի քննարկում, դա ընդդիմության օրակարգն է, որը, կարծեմ, այս ընտրություններով ճիշտ չէ քննարկել։
Այո, կարող են քաղաքական ելույթներ լինել, բայց չի նշանակում, որ ես երկու օր առաջ հարցազրույց եմ տվել, հիմա նորից պետք է նույն հարցերին պատասխանեմ։ <> Այնքանով, որքանով կարելի է ասել՝ թեկնածուների մեծ մասը իրենցից մարիոնետ են ներկայացնում, գրեթե բոլորին {նկատի ունեմ-խմբ.}, 14 մասնակից կա, հանած մեկ, երկու, երեքին, դրանք բոլորը աշխարհաքաղաքական վեկտոր են առաջ տանում, մեծ մասամբ, ցավոք սրտի, մարիոնետի կարգավիճակ ունեն», - ասաց նա։
Երեկ էլ շատ կոշտ էր Ավինյանի բառապաշարը. պատկերավոր փորձում էր բացատրել՝ ինչ կարծիք պետք է կազմկել ընկերոջ մասին, երբ կռվում ծեծվելուց հետո նա լքում է քեզ։ Անուններ Ավինյանը չօգտագործեց, մետաֆորիկ ձևակերպումներ միայն, որոնք ենթադրաբար առնչվում էին նախկին քաղաքապետ, իրենց նախկին թիմակից Հայկ Մարությանին, ով պատերազմից հետո դուրս եկավ իշխող կուսակցությունից. - «Հեղափոխութան էն ամենապիկին առաջին շարքերում բոլորին բրդբրդելով առաջին պլան էր գալիս, ասում էր՝ ես, ես, ես, ինձ պաշտոն, շատ լավ, էլի մեր թիմակիցն էր, մեզ թվում էր, համենայն դեպս, կուսակցություն, դիմում գրեց արագ-արագ։ Հետո ասաց՝ գիտեք ինչ, սրանք ոնց որ պատեհապաշտ են, ամեն մեկն իր անձնական խնդրով է զբաղված, բայց փաստն այն է, որ այդ ամենը պատերազմից հետո, տեսան, որ մի քիչ խարխուլ է մեր վիճակը, կարող է ծեծ ուտենք հեսա, ու փախան»։
Այսօր «Ազատությունը» Ավինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ քարոզարշավի տասը օրերի ընթացքում մենամարտ հիշեցնող հեռակա բանավեճ է ընթանում Մարությանի հետ, գուցե նրա՞ն է համարում իր հիմնական մրցակիցը։
«Ո՛չ, ես որևէ մեկին մրցակից չեմ համարում, ես վստահ եմ, որ սեպտեմբերի 17-ին երևանցիները ընտրելու են Երևանի, երևանցիների, մեր երեխաների ապագայի համար, իսկ որոշ ուժեր մտածում են, որ այ էս-էս մեզ պետք չի, մեզ պետք չի, որ դա բարեկարգվի, մեզ քաոս է պետք։ Հիմա այն մարդիկ, ովքեր այդ քաոսի ջրաղացին ջուր են լցնում, այո, կարող են համարել իրենք իմ քաղաքական հակառակորդները», - ասաց նա։
«Եթե կա մի ուժ, որը քաոս է ստեղծում, միայն «Քաղաքացիական պայմանագիրն է». Մանե Թանդիլյան
Չուշացավ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի պատասխանը։
«Ես կարծում եմ՝ եթե կա մի ուժ, որը քաոս է ստեղծում, միայն «Քաղաքացիական պայմանագիրն է»՝ իշխող ուժը ու քաոս ամենուրեք», - ասաց Մանե Թանդիլյանը։
Նրա կարծքով՝ իշխող ուժը բոլոր կարմիր գծերն անցել է, գործի են դրել ֆեյսբուքյան ֆեյքերի բանակը. - «Բոլոր կարմիր գծերը բոլորի նկատմամբ հատել են, և որ մարդկային ու բարոյական արժեքներից զուրկ է իրենց խոսույթը, վարքագիծը, ես կարծում եմ՝ այստեղ ինձ հետ բոլորն են համակարծիք։ Մնում է այդ հարցին լուծում տալ սեպտեմբերի 17-ին»։
Երազանքի Երևան են ստեղծելու, իրենց ծրագիրը ներկայացնելով` պատմում էր Մանե Թանդիլյանը։
Ավելի վաղ այսօր, սակայն, Տիգրան Ավինյանը թեկնածուների մեծ մասի նախընտրական ծրագրերը հեքիաթ էր անվանել։
«Երբ որ ներկայացվում են հեքիաթային ժանրի, ֆանտաստիկայի ժանրի ծրագրեր, դա էլ է ժպիտ առաջացնում, որովհետև այդ ամեն ինչի տակ պետք է ինչ-որ ֆինանսական գնահատական», - ասել էր նա։
«Փոխանցեք Տիգրան Ավինյանին, որ ճոպանուղին արժե 70 միլիոն, և սա ներդրումային է, ամբողջը ծածկել է, և սա ներդրումային հիմնադրամներով ենք անելու, միջազգային կառույցների դրամաշնորհներով, որ ենթադրում եմ՝ իրենք այստեղ չգիտեն, որովհետև չեն կարողանում աշխատել արդյունավետ։ Իսկ մի բան պարզ է՝ փողը գնում է այնտեղ, որտեղ կա թափանցիկ, հաշվետու, վստահելի կառավարում, որը չունի Տիգրան Ավինյանը, դրա համար ոչ փողի տեղը գիտի, ոչ պատկերացնում է», - ասաց Մանե Թանդիլյանը։
Քարոզարաշվին մասնակցում է 14 քաղաքական ուժ, ակտիվ քարոզարշավ իրականացնում են «Հանրապետություն», «Ազգային առաջընթաց», «Լուսավոր Հայաստան», «Հաղթանակ», «Արդար Հայաստան» կուսակցությունները, «Մայր Հայաստան» դաշինքը։ Մյուսները հիմնականում հոլովակներ են տարածում սոցիալական ցանցերով։