Զելենսկին և Լավրովը՝ մի սեղանի շո՞ւրջ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում հաջորդ երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին կմեկնարկի քաղաքական բանավեճերի փուլը: Ենթադրվում է, որ տեղի կունենա Անվտանգության խորհրդի հատուկ նիստ, որի օրակարգում կլինի ռուս-ուկրաինական պատերազմը:
Politico պարբերականի փոխանցմամբ՝ եթե այդ նիստին մասնակցելու հրավեր ստանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ապա չի բացառվում, որ նա մի սեղանի շուրջ կնստի Ռուաստանի ներկայացուցիչների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Զելենսկին Գլխավոր ասամբլեայում ելույթ կունենա սեպտեմբերի 19-ին՝ օրվա երկրորդ կեսին:
Բանակցային առումով այսօրվա դրությամբ փակուղի է՝ Մոսկվան ասում է, թե դեմ չէ բանակցություններին, սակայն դրանք հնարավոր չեն, քանի որ Կիևն օրենքով արգելել է Կրեմլի ներկայիս ղեկավարի հետ բանակցելու հնարավորությունը:
Բացի այդ, Մոսկվան պնդում է, թե Կիևը պետք է ընդունի առկա իրավիճակը, ճանաչի Ղրիմը և 4 շրջանները Ռուսաստանի կազմում, հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից, և այդ դեպքում կողմերը կկարողանան խաղաղություն կնքել:
Փաստորեն, Մոսկվան չի նահանջում իր պահանջներից, ուստի Կիևն էլ այդ տարբերակով բանակցելն է անիմաստ համարում և պնդում է, որ կազատագրի բոլոր տարածքները:
1 միլիարդ 250 միլիոն դոլարի լրացուցիչ օգնություն
Ռուսների պահանջները կտրականապես մերժում է նաև Արևմուտքը, որը շարունակում է Ուկրաինային զենք և նյութական օգնություն տրամադրել: Առաջիկայում Ուկրաինան ԱՄՆ-ից որպես դրամաշնորհ կստանա ևս 1 միլիարդ 250 միլիոն դոլար:
Այդ գումարը կփոխանցվի բյուջե, և կծախսվի բնակչության խոցելի շերտերի կարիքները հոգալու, ինչպես նաև պետական պաշտոնյաներին, կրթության և առողջապահության համակարգերի աշխատակիցներին սատարելու համար:
Դե իսկ Ուկրաինայի բանակին ոչ միայն Վաշինգտոնն, այլև ամբողջ ՆԱՏՕ-ն է սատարում:
1 միլիարդ 200 միլիոն դոլարի գին ունեցող ՀՕՊ-ը՝ հրթիռների թիրախ
Գետնի վրա՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետևակների արյունալի կռիվներից և հրետանային հարվածներից զատ կողմերը նաև օդային թեժ մարտեր են մղում:
Օդում ռուսների երբեմնի գրեթե լիակատար գերակայությունը որոշ չափով նվազել է, քանի որ ուկրաինական կողմն էլ է սկսել ակտիվորեն անօդաչուներ կիրառել:
Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզության ջոկատները և ծովային ուժերի ստորաբաժանումն անցած գիշեր հատուկ գործողություն են իրականացրել և գրավված Ղրիմում՝ Եվպատորիայի մոտակայքում հարվածներ են հասցրել ռուսների հակաօդային պաշտպանության համակարգին:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագրի թղթակիցը, հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության անանուն աղբյուրին, հաղորդում է, որ ուկրաինացիները կարողացել են ոչնչացնել С300/400 «Триумф» տեսակի ՀՕՊ կայան, որի արժեքը մեկ միլիարդ 200 միլիոն դոլար է:
ԱԹՍ-ների գրոհի մասին առաջինն ահազանգել են բնակիչները
Նախ անօդաչուները հարվածել են ռադարներին և ալեհավաքներին, ապա ուկրաինացիներն արդեն «կուրածած» և մարտական կարողությունը կորցրած այդ համակարգին հարվածել են «Նեպտուն» տեսակի երկու հրթիռներով:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հաղորդել է Եվպատորիայի շրջանում ուկրաինական տասնյակ անօդաչու վայր գցելու մասին: Պաշտոնական հաղորդագրությունից մոտ մեկ և կես ժամ առաջ Եվպատորիայի և շրջակա գյուղերի բնակիչները տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ին սոցցանցերում սկսել են տեղադրել անօդաչուների թռիչքների և հուժկու պայթյունների մասին գրառումներ ու տեսահոլովակներ:
Ղրիմի կամրջով երթևեկությունը ժամանակավոր արգելվել է: Նախօրեին էլ ուկրաինացիները հարվածել և լրջորեն վնասել են ռուսական երկու ռազմանավ:
«Ուկրաինան հարվածում է օրինական թիրախներին»
Ուկրաինայի բանակի խոսնակ Նատալիա Հումենյուկն «Ազատության» ուկրաինական ծառայության թղթակցի հետ զրույցում խոսել է վաղ առավոտյան իրականացված գրոհների մասին. - «Ուկրաինական կողմը գրավված Ղրիմում ընտրում և ոչնչացնում է օրինական թիրախներ, ռազմական այն կենտրոնները և համալիրները, որոնք անմիջական առնչություն ունեն Ուկրաինայի վրա Ռուսաստանի ագրեսիա հետ: Դրանք առաջիկայում էլ կհամարվեն օրինական թիրախներ»:
Նրա փոխանցմամբ՝ աշխատանքը բարդ է և երկար կտևի, քանի որ Ղրիմի թերակղզում ռուսական ՀՕՊ-ը բավականին հզոր է։
«Բայց մենք տեսնում ենք, որ այն նաև անկատար է»,- նշել է Նատալիա Հումենյուկը: