Մատչելիության հղումներ

Ուկրաինան վերականգնել է վերահսկողությունը Սև ծովում գտնվող Բոյկո աշտարակների, գազի և նավթի հորատման հարթակների վրա


Բոյկո աշտարակները Սև ծովում
Բոյկո աշտարակները Սև ծովում

Ուկրաինան հաջողությամբ վերականգնել է վերահսկողությունը Սև ծովում Օդեսայի և Ղրիմի միջև գտնվող Բոյկո աշտարակների, գազի և նավթի հորատման հարթակների վրա, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Այդ հարթակները 2015 թվականին, Ղրիմի օկուպացիայից հետո գրավվել էին ռուսական ուժերի կողմից։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ աշտարակները ոչ միայն օգտագործվել են էներգետիկ նպատակներով, այլև ծառայել են որպես ուղղաթիռների և էլեկտրոնային պատերազմի սարքավորումների տեղակայման հենակետ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման ժամանակ։

Ուկրաինայի հատուկ ծառայությունները նաև տեսանյութ են հրապարակել, որում ցուցադրվում է Բոյկո աշտարակների վերահսկողությունը վերականգնելու գործողությունը:

Ծրագրված է Պուտին - Կիմ Չեն Ըն հանդիպում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա օրերին հանդիպելու է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ։ Պուտինը զենք է սպասում Կիմ Չեն Ընից՝ Ուկրաինայի դեմ պատերազմում ժամանակ շահելու համար։

Հյուսիսկորեական զենքերը կարող են օգնել Ռուսաստանին Ուկրաինայում վարվող մարտերում, սակայն դրանք հավանաբար այնքան արդիական չեն, որպեսզի փոխեն պատերազմի ընթացքը, այսօր գրել է Bloomberg-ը։

Կրեմլը հաստատել է, որ առաջիկայում լինելու է նման հանդիպում։ Իսկ РБК-ի աղբյուրը հայտնել է, որ երկու երկրների առաջնորդները հանդիպելու են Վլադիվոստոկում, որտեղ այս օրերին մեկնարկելու միջազգային Արևելյան տնտեսական ֆորումը և որին մասնակցելու է Ռուսաստանի նախագահը ։

ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու Մոսկվային զինամթերքի մատակարարմանը։ Հյուսիսային Կորեան ունի հրետանային արկերի և չկառավարվող հրթիռների զգալի պաշարներ, որոնք կարող է օգտագործել խորհրդային ժամանակների ռազմական տեխնիկան Ուկրաինայի վրա անկանոն հարձակումներ իրականացնելու համար, գրում է Bloomberg-ը։

Փհենյանը հերքում է Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու ԱՄՆ-ի մեղադրանքները։ Ռուսաստանի իշխանությունները նույնպես սա հերքում են։

Ուկրաինան առաջխաղացում ունի Բախմուտի ուղղությամբ

Մինչ այդ ուկրիանական ուժերը առաջ են գնացել Բախմուտի ուղղությամբ, ինչի մասին հայտարարել է Ուկրաիայի նախագահը. - «Վերջին յոթ օրվա ընթացքում մենք առաջ են գնացել Տավրիայի ուղղություններով, կա առաջխաղացում Բախմուտի ուղղությամբ»։

Միաժամանակ The Economist-ին տված հարցազրույցում Ուկրաինայաի նախագահն նշել է. - «Գիտեմ, որ Արևմուտքում և հատկապես Միացյալ Նահանգներում ընտրություններին ընդառաջ արևմտյան օգնության պահպանումը դժվար կլինի, հատկապես ճակատում զգալի առաջընթացի բացակայության դեպքում»:

Այնուամենայնիվ, նա չի հավատում, որ եթե, օրինակ, Թրամփը գա իշխանության, ապա կդադարեցնի պատերազմը Ռուսաստանի պայմաններով։

Զելենսկին ընդունում է, որ առաջխաղացումը հարավում դանդաղել է, սակայն վստահ է, որ այդտեղ «մեծ բեկում» դեռ կարող է տեղի ունենալ:

Ամեն դեպքում, պատերազմը, Զելենսկու խոսքով, «վաղը կամ մյուս օրը չի ավարտվի»։ Միաժամանակ նա կրկին պնդել է, թե դեմ է, որ պատերազմը դադարեցվի բանակցությունների միջոցով, քանի դեռ ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայի տարածքում, իսկ Պուտինը իշխանության է Ռուսաստանում։

«Սա վատ պահ է դիվանագիտության համար», - ասում է Ուկրաինայի նախագահը։

Մինչդեռ ռուսները զորքերը Ուկրաինայի տարածքից դուրս բերելու մտադրություն չունեն։ Ավելին, կիրակի օրը օկուպացված տարածներում ևս անցկացվել են ռեգիոնալ ընտրություններ, և ամենուրեք հաղթել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը՝ ստանալով քվեարկածների շուրջ ութսուն տոկոսի քվեն։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցած կոմունիստական կուսակցությունը Մոսկվայում օրինակ կարողացել ընթամենը ութ տոկոս հավաքել։

XS
SM
MD
LG