Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի կարող դադարեցնել ռազմական գործողությունները, քանի դեռ Ուկրաինան հակահարձակում է իրականացնում. Պուտին


«Ինչպե՞ս կարող ենք դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հակառակ կողմը հակահարձակում է իրականացնում։ Ի՞նչ անենք։ Նրանք հակագրոհելու են, իսկ մենք ասենք կանգնո՞ւմ ենք», - այսօր Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի իր ելույթում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Բացի դրանից, Պուտինի խոսքով, բանակցությունների մասին խոսելուց առաջ նախ Կիևը պետք է չեղարկի Պուտինի հետ նման բանակցություններն արգելող իր իսկ օրենքը. - «Լսեք, ես արդեն ասացի, որ նախ պետք է չեղյալ համարեն բանակցություններն արգելող հրամանագիրը և հայտարարեն, թե ինչ են ուզում բանակցել և որ բոլորը պատրաստ են դրան։ Իսկ հետո կտեսնենք»։

Ուկրաինայի նախագահն իր հերթին նախօրեին կրկին պնդել է, թե բանակցություններ սկսելու համար ռուսները պետք է դուրս բերեն իրենց զորքերը Ուկրաինայի տարածքից։

Ե'վ Կիևը, և' Մոսկվան շարունակ հայտարարում են, որ բանակցություններն այսօր հնարավոր չեն։

Մոսկվան նաև գրեթե ամենօրյա ռեժիմով շեշտում է, թե արևմտյան նոր սպառազինությունը չի փոխի պատերազմի ընթացքը, այլ պարզապես կերկարաձգի այն։ Կիևում էլ համարում են, թե պատերազմը ոչ վաղը, ոչ էլ վաղը չէ մյուս օրը չի ավարտվի և դեռ երկար է շարունակվելու։ Նման հայտարարություն նախօրեին արել էր Վլադիմիր Զելենսկին։

Ընդ որում, Կիևը պնդում է, թե ուկրաինական բանակի հաջողությունները մեծամասամբ կախված են արևմտյան սպառազինությունից։

Մինչ այդ Reuters-ն այսօր հայտնել է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մոտ է Ուկրաինային կասետային զինամթերքով հագեցած միջին (երեք հարյուր կիլոմետր) հեռահարության հրթիռների տրամադրմանը հավանություն տալուն։ Ըստ Reuters-ի, եթե որոշումը կայացվի, Կիևը զենք կստանա Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքների խորքում գտնվող օբյեկտներին զգալի վնաս պատճառելու համար։ Գործակալությունը նաև նշում է, որ եթե Սպիտակ տունը նման որոշում կայացնի, երկար ժամանակ չի պահանջվի, որ այդ հրթիռները հասնեն Ուկրաինա։

Արևմտյան փորձագետները այս օրերին գրում են, թե արևմտյան աջակցությունը կարող է նվազել, քանի որ ուկրաինական բանակի հակահարձակումը շոշափելի արդյունք չի տվել։ Համենայն դեպս, այն մի քանի տանսյակ կիլոմետրը, որ ուկրաինացիները առաջ են գնացել հարավում և Բախմուտի մոտ, այն արդյունքը չէ, որ ակնկալում էր Արևմուտքը։

Արևմտյան փորձագետները նաև կարծում են, որ մեկ ու կես ամսից ուկրաինական հակահարձակումը եղանակի պատճառով կանգ կառնի։ Կսկսվեն անձրևներն ու ռուսների կողմից ակնապատված դաշտերն ընդհանրապես անանցանելի կդառնան։

Մինչ այդ, ռուսական ուժերը շարունակում են ռմբակոծել ուկրաինական բնակավայարերը։ Այսօր Դոնեցկի մարզի Կրասնոգորովկա քաղաքում երկու տարեց խաղաղ բնակիչ է զոհվել, կան վիրավորներ։ Ռմբակոծության տակ են նաև Ռուսատսանի Բելգորոդի մարզի բնակավայարերը։

XS
SM
MD
LG