Մատչելիության հղումներ

G20-ը ամփոփիչ հռչակագրում հասցեական չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա


Հնդկական Նյու Դելիում ավարտված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը ամփոփիչ հռչակագրում հասցեական չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Ավելին, ուկրաինական պատերազմին վերաբերող պարբերության մեջ Ռուսաստանն ընդհանրապես չի հիշատակվում։

Փոխարենը հայտարարության տեքստում կոչ կա երկու կողմերին՝ հետևել ՄԱԿ-ի սկզբունքներին և ընդհանուր ձևակերպումներ, որ Ուկրաինայում պատերազմը բացասական է ազդել աշխարհում շատ ոլորտների, այդ թվում՝ սննդամթերքի և էներգետիկայի շղթաների վրա, հանգեցրել է մարդկային բազում տառապանքների, որ պետությունները պետք է զերծ մնան ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից, Սև ծովով հացահատիկը պետք է անարգել մատակարարվի և որ միջուկային զենքի կիրառությունը կամ սպառնալիքն անընդունելի են։

Հայտարարությունում շեշտվում է, որ ուկրաինական պատերազմի թեմայով եղել են տարբեր տեսակետներ և գնահատականներ։

Տեղում գագաթնաժողովը լուսաբանող լրագրողները նշում են, որ վերջնական հռչակագրի ընդունումն անգամ կասկածի տակ էր, Նյու Դելիի հանդիպումը հենց ուկրաինական հարցի պատճառով կարող էր առանց հռչակագրի մնալ, և բոլորն ակնհայտորեն թեթևացած շունչ են քաշել, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ հաջողվել է կոնսենսուսի հասնել և փաստաթուղթն ընդունել։

Ռուսաստանը գոհունակություն է հայտնել հռչակագրի առնչությամբ։ Իսկ Ուկրաինան հանդիպման արդյունքները հիասթափեցնող է գնահատել։

Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակ Օլեգ Նիկելոնկոն X-ում (նախկին Tweeter) արած գրառմամբ շնորհակալություն է հայտնել այն գործընկերներին, որ թեև ապարդյուն, բայց փորձել են ավելի կոշտ ձևակերպումներ ներառել տեքստում, և հայտարարել, որ «Մեծ քսանյակը» Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մասով հայտարարությունում հպարտանալու ոչինչ չունի։ Նիկոլենկոն նաև ներկայացրել է, թե ըստ ուկրաինայի, ինչ տեսք պետք է ունենային Ուկրաինային վերաբերող հատվածները՝ բոլոր ընդհանուր ձևակերպումներում ավելացնելով Ռուսաստան բառը։

Մակրոնը հայտարարել է՝ «Մեծ քսանյակի» այս հանդիպումը ևս մեկ անգամ ի ցույց է դրել Ռուսաստանի մեկուսացումը

Ուշագրավ է, որ հռչակագրում Ռուսաստանի հանդեպ ուղիղ քննադատության բացակայությունը ՌԴ-ի դիվանագիտական հաղթանակ չի համարել Ֆրանսիայի նախագահ Էմանույել Մակրոնը, ով հայտարարել է, որ «Մեծ քսանյակի» այս հանդիպումը ևս մեկ անգամ ի ցույց է դրել Ռուսաստանի մեկուսացումը և որ «Մեծ քսանյակի» մեծ մասը դատապարտել է Ուկրաինայում պատերազմն ու դրա ազդեցությունը։

G20-ին չէին մասնակցում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, նրա փոխարեն Նյու Դելի էր եկել վարչապետ Լի Ցյանը։ Բացակա էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը ներկայացնում էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը պատերազմական հանցագործությունների կատարելու կասկածանքով Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, նա խուսափում է արտերկրյա այցերից, չժամանեց նաև Նյու Դելի թեև Հնդկաստանը Հռոմի ստատուտը վավերացրած երկրների թվում չէ։

Ամենայն հավանականությամբ Պուտինը չի մասնակցի նաև հաջորդ տարի Բրազիլիայում անցկացվելիք գագաթնաժողովին։ Այդ երկրի նախագահն, ի դեպ, այսօր ետ է վերցրել երաշխիքները, որ Պուտինը չի ձերբակալվի, եթե նա այցելի երկիր։

Բրազիլիան Հռոմի ստատուտը հաստատած երկրներից է, Լուլա դա Սիլվան երեկ հայտարարել էր, որ Պուտինը չի ձերբակալվի եթե որոշի Ռիո դե Ժանեյրո այցելել, սակայն այսօր նա հայտարարել է, որ չգիտի արդյոք Բրազիլիայի արդարադատության համակարգը Ռուսաստանի նախագահին կձերբակալի, թե՝ ոչ, քանի որ որոշում է դատական համակարգը, այլ ոչ թե կառավարությունը:

Այս տարվա գագաթնաժողովի Հիմնական արդյունքներից էր «Մեծ քսանյակի» կազմում Աֆրիկյան միությունը ներառելը։ Միության նախագահ Ազալի Ասումանին կիրակի օրը ողջունել է այդ որոշումը: Պաշտոնապես դարձավ G20-ի մշտական անդամ՝ Եվրամիության հետ հավասար, որպեսզի խմբավորումն ավելի ներկայացուցչական դառնա:

Մինչ այժմ միայն Հարավային Աֆրիկան էր G20-ի անդամ, սակայն այժմ արդեն 55 անդամ ունեցող Աֆրիկյան միությունը պաշտոնապես քսանյակում է։ G20- ի ընդլայնումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ BRICS-ը՝ մեկ այլ խումբ, որում գերակշռում են Չինաստանը և Ռուսաստանը, ընդլայնվեց՝ ներառելով Սաուդյան Արաբիան և Իրանը։

XS
SM
MD
LG