Մատչելիության հղումներ

Բաքուն կոչ է արել միջազգային համայնքին դատապարտել Ղարաբաղում տեղի ունեցած նախագահական ընտրությունը


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային համայնքին կոչ է արել դատապարտել Ղարաբաղում այսօր տեղի ունեցած ընտրությունները:

«Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վրա ստեղծված անջատողական ռեժիմը ձգտում է շարունակել իր գոյությունը Հայաստանի ռազմական, քաղաքական, ֆինանսական և այլ աջակցության շնորհիվ», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում:

Բաքվի պնդմամբ, «այդ քայլը [ընտրությունների անցկացումը] Հայաստանի սադրիչ և վտանգավոր գործունեության ևս մեկ տարր է, որն էլ ավելի է սրում վիճակը և լուրջ հարված է հացնում տարածաշրջանի կայունությանը, էթնիկ հայ բնակիչներին Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական դաշտում վերաինտեգրելու ջանքերին»։

Ըստ Բաքվի՝ այդ ընտրությունների անցկացումը «ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա կողմից ստեղծած անջատողական ռեժիմը ցանկանում են պահպանել ստատուս քվոն և շարունակել օկուպացիոն քաղաքականությունը և բացարձակապես շահագրգռված չեն խաղաղ գործընթացով»:

Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում ասվում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր ժողովրդին և միջազգային հանրությանը խաբելու անհարկի փորձերից և Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններից ու կառուցողական եղանակով մասնակցի կարգավորման գործընթացին և կատարի իր միջազգային պարտավորությունները։

«Հայաստանը, կանխելով Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ապրող էթնիկ հայերի հետ երկխոսությունը, ցուցաբերում է կոպիտ միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, ինչը ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Հայտարարությունում ընդգծվում է, որ Ադրբեջանը «վճռականորեն կճնշի իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները: Տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ ուղին՝ հայկական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից և անջատողական ռեժիմի լուծարումն է»։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինված ուժեր չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG