Արցախի խորհրդարանն այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ կընտրի: Նախագահի ընտրությունը տեղի կունենա ժամը 11-ին՝ ԱԺ հատուկ նիստում։ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Սահմանադրության փոփոխություններով նոր նախագահին Ազգային ժողովն է ընտրում։
5 խմբակցություններից 4-ի, այդ թվում՝ իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի նախագահի թեկնածուն նախկին նախագահի վերջին հրամանագրով պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանն է։
Խմբակցություններից միայն «Միասնական հայրենիք» է այլ թեկնածու առաջադրել՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար, կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին, սակայն նրա թեկնածությունը մերժվել է վերջին տասը տարում Արցախի քաղաքացիության ու մշտական բնակության մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:
Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը, Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը երեկ կոչ արեցին քաղաքացիներին այսօր սադրանքների չտրվել։
Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ տարբեր քաղաքական ուժեր հավաքներ և ցույցեր անցկացնելու կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։