Մատչելիության հղումներ

Փաշինյանը Մակրոնի հետ զրույցում Ալիևի հետ հրատապ քննարկումներ ունենալու պատրաստակամություն է հայտնել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր:

Հայաստանի վարչապետի գրասենյակը նշում է, որ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին և բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:

Ըստ հայկական կողմի՝ Մակրոնն ընդգծել է, որ սահմանների երկայնքով լարվածության նվազումն անհրաժեշտ է: Փաշինյանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Մակրոնն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ասված է հաղորդագրությունում:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ելիսեյան պալատը, նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի մերձակայքում Ադրբեջանի կողմից ռազմական ռեսուրսների կուտակման մասին տագնապալի հաղորդումների համատեքստում։

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի և հակամարտության արդար և տևական լուծմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան և բացառապես դիվանագիտական միջոցներով։

Հայաստանի ու Արցախի վերջին շաբաթներին սահմանային աճող լարվածության պայմաններում Երևանն ու Բաքուն իրար են մեղադրում ռազմական սադրանք հրահրելու մեջ․ կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով՝ շեշտելով՝ ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է։ Բաքուն շտապեց հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ այն որակելով «քաղաքական մանիպուլյացիա»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG