Մատչելիության հղումներ

Փաշինյանը Մակրոնի և Շոլցի հետ զրույցներում Ալիևի հետ հրատապ քննարկումներ ունենալու պատրաստակամություն է հայտնել


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Երկու երկրների ղեկավարների հետ Հայաստանի գործադիրի ղեկավարը քննարկել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր։

Ըստ հայկական կողմի՝ Փաշինյանը թե՛ Մակրոնի, թե՛ Շոլցի հետ հեռախոսազրույցներում վերահաստատել է իր հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին և բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին նաև շեշտելով, որ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Ըստ հայկական կողմի՝ Մակրոնն ընդգծել է, որ սահմանների երկայնքով լարվածության նվազումն անհրաժեշտ է և իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ասված է հաղորդագրությունում: Գերմանիայի կանցլերը ևս ասել է, որ պատրաստակամ է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։

Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցները տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածության ֆոնին։ Երևանն ու Բաքուն իրար են մեղադրում ռազմական սադրանք հրահրելու մեջ․ կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով՝ շեշտելով՝ ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է։ Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է։ Բաքուն շտապեց հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ այն որակելով «քաղաքական մանիպուլյացիա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG