Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Վարչապետի գրասենյակի փոխանցմամբ, Փաշինյանն ու Շոլցը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր:
Փաշինյանը Շոլցի հետ զրույցում ևս վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ պատրաստակամ է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին, նշում է հայկական կողմը։
Հայաստանի գործադիրի ղեկավարը Շոլցի հետ հեռախոսազրույցում ևս ընդգծել է, որ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Փաշինյանն այս պնդումն արել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում։
Հայաստանի ու Արցախի վերջին շաբաթներին սահմանային աճող լարվածության պայմաններում Երևանն ու Բաքուն իրար են մեղադրում ռազմական սադրանք հրահրելու մեջ․ կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով՝ շեշտելով՝ ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է։ Բաքուն շտապեց հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ այն որակելով «քաղաքական մանիպուլյացիա»։