Մինչ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ղարաբաղի հայերին առաջարկելու որևէ բան չունի, և Արցախում ապրող հայերը մեկ ճանապարհ ունեն՝ ինտեգրվել ու ապրել Ադրբեջանի օրենքներով, տեղի իրավապաշտպանները մերձեցման առաջարկներ են հրապարակում։ Հիմնական գաղափարը նույնն է՝ ինտեգրում, ուղղակի, ի տարբերություն Ալիևի վարչակազմի, իրավապաշտպանները առաջարկում են դրան հասնել մեղմ ու փափուկ մեթոդներով։
Առաջարկները հրապարակել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Ադրբեջանի ազգային կոմիտեի ղեկավար Արզու Աբդուլաևան, որն, ի դեպ, լինելով ադրբեջանցի ամենահայտնի իրավապաշտպաններից մեկը, մինչ օրս հրապարակավ չի դատապարտել Արցախի շրջափակումն ու տեղի բնակիչների բազմաթիվ իրավունքների ոտնահարումները Ալիևի վարչակազմի կողմից։
Աբդուլաևան պնդում է՝ Բաքուն արդեն «արել է առաջին քայլը»՝ առաջարկելով Աղդամի ճանապարհը։ Հաջորդիվ պետք է այդ ճանապարհին տեղադրված քարե արգելապատնեշներին առաջին անհրաժեշտության ապրանքներ շարել, որպեսզի տեղացիները օգտվեն՝ «բնականաբար անվճար հիմունքներով՝ այնքան, մինչև դրամը կփոխարինվի մանաթով»։
Բացի այդ, ադրբեջանցի իրավապաշտպանները առաջարկում են թույլ տալ, որ Ղարաբաղի հայերը ժամանակավորապես շարունակեն ապրել Հայաստանի անձնագրերով, նրանց բռնի չտեղահանել, չշտապել Ղարաբաղ ադրբեջանական ոստիկանություն մտցնելու հարցում և օր առաջ զինաթափել հայերին, «որպեսզի վերադարձող ադրբեջանցիներն իրենց ապահով զգան»։ Առաջարկվում է նաև քննարկել Հադրութ և Շուշի հայերի վերադարձի պայմանները, մշակել պատերազմի մասնակիցների համաներման օրենքի նախագիծ։
Բաքվի պաշտոնյաները չեն արձագանքել այս առաջարկներին։ Բայց դրանց հեղինակը հույս ունի, որ առաջիկայում այս առաջարկները քննարկման կդրվեն թե՛ Ադրբեջանի քաղաքական վերնախավում, թե՛ Ղարաբաղում, այս մասին նա խոսել է «Ազատության» «Էխո Կավկազա» ռադիոնախագծի եթերում։
«Իհարկե, հիմա շատ դժվար է երաշխավորել՝ թե՛ Ղարաբաղի հայերի, թե՛ ադրբեջանցիների անվտանգությունը։ Ինձ հետ կապ են հաստատել Ղարաբաղի ադրբեջանցիներ, նրանք նույնպես դժգոհ են, ասում են՝ «մենք վերադառնում ենք կատարյալ անհայտության՝ այնտեղ ականներ են, զինված կազմավորումներ, մենք գնացինք, նաև մեր ընտանիքներին տարանք, իսկ որտե՞ղ են երաշխիքները, որ զինված կազմավորումները մեզ վրա չեն կրակի», - նշել է իրավապաշտպանը։
Աբդուլաևայի համոզմամբ՝ կոշտ դիրքորոշումից պետք է հրաժարվի ինչպես Բաքուն, այնպես էլ հայկական կողմը․ - «Պետք է հետքայլ անեն փոխզիջման հասնելու համար։ Երկու կողմն էլ պետք է զերծ մնա այդ հռետորաբանությունից՝ մինչև վերջ գնալու ցանկությունից և ռևանշիզմից։ Իսկապես, ժամանակն է վերջ տալ այդ ամենին, քանի որ եթե նույնիսկ հիմա խաղաղություն չհաստատվի, միևնույն է այն մի օր գալու է, բայց այդ ընթացքում այնքան իրար կսպանեն, այնքան սարսափելի բաներ կանեն․․ դա թույլ տալ պարզապես չի կարելի»:
Վերլուծաբան և հասարակական գործիչ Զարդուշտ Ալիզադեն «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում իշխանությանը քննադատում է ինտեգրացիայի հարցում հապաղելու համար․ ասում է՝ հայերին պետք է հստակ ներկայացնել՝ ինչ է ենթադրում «ռեինտեգրացիան»:
Նրա պատկերացմամբ՝ այսօր Ղարաբաղի շարքային բնակիչները «պատերազմական հանցագործների ազդեցության տակ են», մինչդեռ վստահ է՝ իրականում սովորական մարդիկ ցանկանում են հաշտվել Ադրբեջանի հետ: Իսկ հաշտվելու դեպքում, Ալիզադեն կարծում է, հայերին պետք է մի շարք հնարավորություններ տալ՝ դրսից հումանիտար, տնտեսական օգնություն ստանալու հնարավորություն ունենան, կարողանան աշխատել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնողական նախագծերում, ներկայացված լինեն Ադրբեջանի պետական կառույցներում, այդ թվում՝ ոստիկանությունում, դատախազությունում, մասնակցեն այն որոշումների կայացմանը, որոնք հայ բնակչությանն են վերաբերում։
Պաշտոնական Բաքուն, որը հայտարարում է՝ օր առաջ հայերը պետք է Ադրբեջանի հպատակությունն ընդունեն, հակառակ դեպքում՝ լքեն իրենց տները, չի հստակեցնում, թե ինքն ի՞նչ է առաջարկում հայերին, որոնց ցանկանում է իր քաղաքացին դարձնել։
Ալիզադեն կարծում է՝ Ալիևն ունի պլան, բայց չի հրապարակում, ինչո՞ւ, պատասխանը պարզ է՝ Ադրբեջանի առաջնորդը սովոր չէ քննարկումների:
«Եթե Ալիևը բացահայտի վերաինտեգրման ծրագրերը, դրա շուրջ կսկսվեն քննարկումներ։ Հայերն ու ադրբեջանցիները տարբեր կարծիքներ կհայտնեն, որոշ մտքեր կծագեն, դրանք կհակասեն իր մտքերին, հետո նա ստիպված կլինի մտածել փաստարկների մասին․ իսկ այդ ամենին նա սովոր չէ», - ընդգծել է իրավապաշտպանը։