Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:
«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր արտաքին քաղաքական գերատեսչությունից, թե արդյոք Ադրբեջանը Աղդամի ճանապարհի բացումը դարձրել է Լաչինի միջանցքը բացելու նախապայման։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում։
Արդեն 7 օր է Բաքուն փորձում է Աղդամով 40 տոննա ալյուրը որպես մարդասիրական օգնություն հասցնել Ստեփանակերտ, այս հարցով բանակցություններ են ընթանում։ Արցախցիներն էլ հերթապահություն են իրականացնում Ասկերանի ճանապարհին՝ պնդելով՝ շարունակելու են փակ պահել ճանապարհը այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները իրենց ալյուրով հանդերձ չեն հեռացել։ Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է՝ եթե Ադրբեջանն իրոք հետաքրքրված է Արցախի ժողովրդի հումանիտար աղետի վերացմամբ, ապա պետք է չարգելի Լաչինի միջանցքով մատակարարումների վերականգնումը, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
«Ազատության» մեկ այլ հարցին, թե հաշվի առնելով Ստեփանակերտի բացասական վերաբերմունքը Աղդամով օգնություն ստանալուն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կա՞ որևէ անդամ երկիր, որ պատրաստ է Լաչինի հարցով բանաձևի նախագիծ ներկայացնել, առաջիկայում տեսանելի՞ է այդ հեռանկարը, արտգործնախարարությունը, վկայակոչելով օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստը, պատասխանել է՝ այդ հանդիպման ընթացքում Լաչինի միջանցքի գործունեության վերականգնման, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացման և նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ հստակ դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների ծանրակշիռ մեծամասնությունը։ Եղել են երկրներ, որ նաև հստակ ընդգծել են, որ Աղդամի ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին։
«Այս հարցի շուրջ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, և միջազգային մեր գործընկերների հետ աշխատանքները շարունակվում են՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումների կատարմանը և ԼՂ ապօրինի շրջափակման վերացմանը, այդ թվում՝ գործադրելով ՄԱԿ-ի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան մեխանիզմները», - ասված է պատասխանում։
Օրերս համացանցում հայտնվել է ՌԴ արտգործնախարարին վերագրվող փաստաթուղթ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերաբերյալ։ «Ազատությունը» նաև խնդրել էր հստակեցնել՝ արդյոք դա պաշտոնակա՞ն փաստաթուղթ է, փոխանցվե՞լ է Երևանին ու Բաքվին, և ո՞րն է Երևանի դիրքորոշումը։ Այն բանակցությունների թեմա կարող է դառնալ, թե՞ պաշտոնական Երևանը շարունակում է մնալ նույն դիրքորոշմանը, որ դա Ստեփանակերտի բանակցելիք հարցն է։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ չեն մեկնաբանում ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկատվությունը։