Մատչելիության հղումներ

Արցախից պահանջում են նախ բացել Լաչինի միջանցքը, իսկ Շառլ Միշելի առաջարկը վտանգավոր են համարում


Չնայած Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի առաջարկին՝ Արցախի հումանիտար ճգնաժամի լուծման համար Լաչինի միջանցքի ապաշրջափակումից բացի նաև Աղդամի ճանապարհն օգտագործել, արդեն 9 ամիս պաշարված Արցախից պահանջում են նախ բացել Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, իսկ Եվրոպական խորհրդի նախագահի առաջարկը վտանգավոր են համարում։

«Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար: Սակայն անթույլատրելի է արցախյան կողմին վտանգավոր առաջարկներ պարտադրելը։ Դիտարկելով տարբեր միջազգային կառույցների պատասխանատուների հայտարարությունները՝ Արցախի ժողովուրդը և իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով», - Միշելին արձագանքում են Արցախի արտգործնախարարությունից։

«Ազատության» հարցմանն ի պատասխան, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև հայտնել են՝ բազմիցս են շեշտել, որ Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև հավասարության նշան դնելու ցանկացած փորձ անընդունելի է։

Երեկ հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդ Շառլ Միշելը ծավալուն հայտարարությամբ վերահաստատեց Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, զուգահեռ ընդգծեց, որ Ադրբեջանից Աղդամի ճանապարհով ապրանքների մատակարարումը կարող է դառնալ կայուն լուծման մաս։ Նշելով, որ կապի մեջ է ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների, այնպես էլ Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ՝ Միշելը նաև ասել էր, որ «քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակը, որը կմատակարարվի այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքում»։

Արցախից դեռ չեն շտապում մանրամասնել՝ ո՞րն է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջարկած քայլերի հաջորդականությունը՝ սկզբում օգտագործել Աղդամի ճանապարհը, թե՞ բացել Լաչինի միջանցքը, հետո նոր միայն խոսել Աղդամի մասին։

Ադրբեջանը, որ իր ալյուրն է առաջարկում, թույլ չի տալիս, սակայն Ստեփանակերտ հասցնել հայկական ու ֆրանսիական օգնությունը։

Մինչ այդ, Ասկերանում՝ Աղդամի ճանապարհի մոտ մի խումբ արցախցիներ շարունակում են շուրջօրյա հերթապահությունը, որպեսզի արգելեն չորս օր առաջ Աղդամ ժամանած ադրբեջանական ալյուրի մուտքը Արցախ։

«Մտադրված ենք այնտեղ կանգնել այնքան ժամանակ, քանի դեռ այդ «հումանիտար օգնություն» կոչվածը հետ չի վերադարձվել Ադրբեջան: Ճանապարհը պիտի բացվի ու այդտեղից ոչ մի տեսակի սնունդ՝ կլինի դա «հումանիտար օգնության» տեսակետից կամ այլ ձևաչափով, կապ չունի ինչ անվան տակ դա կներկայացնեն, այնտեղից Արցախի Հանրապետության տարածք մուտք չպետք է գործի», - ասաց արցախցիներից մեկը:

Բաքուն, որ շարունակ հայտարարում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ, հունիսի 15-ից այդտեղ անցակետ է տեղադրել ու արդեն 4 արցախցու է առևանգել, պետք է ապամոնտաժի այդ անցակետը, «Ազատության» հետ զրույցում ասաց Ասկերանում ադրբեջանական 40 տոննա ալյուրով բեռնված օգնությունը մերժող արցախցիներից մեկը։

«Այդ հայտարարությունները միտված չեն Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը կարգավորելուն, այլ ընդհակառակը՝ ադրբեջանական հերթական արկածախնդրության համար են լույս բացում ու հստակ է մեր դիրքորոշումը, որ պետք է բացվի միայն Բերձորի միջանցքը», - նշեց նա:

Ադրբեջանական Կարմիր մահիկի գլխավոր քարտուղարը երեկ հայտարարել էր, թե 40 տոննա ալյուրը Աղդամից Ստեփանակերտ հասցնելու հարցով բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։

Ու Մինչ Եվրամիությունն առաջարկում է օգտագործել նաև Աղդամի ճանապարհը, սովի մասին ահազանգող Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն օրերս քննադատել է Եվրամիության որոշ պաշտոնյաների՝ չնշելով նրանց անունները։ Իտալական հեղինակավոր ANSA լրատվականի հետ հարցազրույցում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը մեղադրել է եվրոպացի որոշ պաշտոնյաների, չնայած այդ երկրի կողմից իրականացվող ցեղասպան գործողություններին, Բաքվի հետ համագործակցելու համար։

Սերգեյ Ղազարյանը դժգոհել է Ադրբեջանի դեմ միջոցներ ձեռնարկելու որոշման հարցում ԵՄ-ի դանդաղկոտությունից՝ ընդգծելով, որ «այս պահվածքը Ադրբեջանին վստահություն է տալիս սեփական անպատժելիության առումով»:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ևս պնդում է՝ ադրբեջանական օգնություն չեն ուզում. - «Երկխոսել ո՞ւմ հետ, ցեղասպանողի՞, էլ ինչպե՞ս բացատրենք մարդկանց, որ Արցախի ժողովուրդն Աղդամի ճանապարհով եկած որևէ հումանիտար օգնություն չի ընդունելու: Այսինքն՝ մարդկանց պարտադրում ես հումանիտար օգնություն, որը նրա համար ընդունելի չէ»:

Գեղամ Ստեփանյանը կոչ է անում բոլոր դերակատարներին պատժել Ադրբեջանին, ոչ թե միայն հայտարարություններ անել։

«Պետք են պատժիչ գործողություններ, սանկցիաներ են պետք, այսինքն, ես վստահ եմ, որ նուըն ԱՄՆ-ը կամ Եվրոպական միությունը եթե լավ ուզենային, էս շրջափակումն արդեն վաղուց քանդված կլիներ», - ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը:

«Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց՝ ոչ շոշափելի։ 120.000 մարդու, այդ թվում՝ 30.000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն», - ասում է պաշտպանը։

Արցախից պահանջում են նախ բացել Լաչինի միջանցքը, իսկ Շառլ Միշելի առաջարկը վտանգավոր են համարում
please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG