Մատչելիության հղումներ

Բաքվի «Մեծ վերադարձ» ծրագիրը՝ փող լվանալու ևս մեկ միջոց


Ադրբեջանի իշխանություններն սկսում են Ֆիզուլիի վերաբնակեցումը, 18-ը օգոստոսի, 2023թ.
Ադրբեջանի իշխանություններն սկսում են Ֆիզուլիի վերաբնակեցումը, 18-ը օգոստոսի, 2023թ.

Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, թե այսօրվանից սկսում են վերաբնակեցնել Ֆիզուլին․ լրատվամիջոցներն առավոտից ցուցադրում են, թե ինչպես են տասնյակ ընտանիքներ վերադառնում շրջան, որն Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ «Նրանք իրենց անհուն շնորհակալությունն են հայտնում նախագահ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պետական անգնահատելի հոգածության համար», - հաղորդում է պետական «ԱզերԹԱջ» գործակալությունը։ Պաշտոնյաների ու պետական լրատվամիջոցների աչքից հեռու, սակայն, տեղաբնակները դժգոհում են ու պնդում՝ կառավարության կողմից հաստատված «Մեծ վերադարձի» ծրագիրն իրականում փող լվանալու ևս մեկ միջոց է ու կոռուպցիայի աղբյուր՝ Ալիևի վարչակազմի համար։

«Տունս այս տեսքն ուներ մինչև զորքի՝ Քելբաջար մտնելը․ ամեն ինչ կանգուն էր», - «Ազատության» ադրբեջանական ծառայությանը պատմել է 90-ականներին Քելբաջարից տեղահանված Չիրագ Հուսեյնովը։ Նրա տանը տարիներ շարունակ հայեր էին ապրել, բայց հիմա պապենական տնից միայն պատերն են մնացել։ Հուսեյնովը պնդում է, թե ավելի քան 200 քառակուսի մետրանոց տունը ադրբեջանցի զինվորներն են քանդել. - «Մեզ ոչինչ չեն ասել, միանգամից քանդել են, որևէ մեկիս հետ քննարկում չի եղել, որևէ մեկիս չեն տեղեկացրել, ու մինչև հիմա չգիտենք՝ ինչ են արել, կարող եմ միայն ասել, որ մեր տները հողին են հավասարեցրել»։

Անցած տարվա նոյեմբերին Ադրբեջանի կառավարությունը «Մեծ վերադարձ օկուպացիայից ազատագրված տարածքներ» վերտառությամբ հատուկ ծրագիր ընդունեց, որի հիմնական նպատակներից է «խելացի քաղաքներ ու գյուղեր կառուցել այդ շրջաններում՝ բարձր չափանիշների համապատասխան»։

Տեղահանվածները, որոնց հետ զրուցել են «Ազատության» ադրբեջանական ծառայության թղթակիցները, դժգոհել են, թե խելացի քաղաքների ու գյուղերի ծրագրերը ոչ միայն խորթ են, այլև՝ անհարմար․ գյուղացին, օրինակ, չի կարող տան ետնաբակում կառուցված գոմում կով պահել, ոչ էլ իրավունք կունենա այգում ֆերմա կառուցել։ «Ես իմ կյանքն այդպես չեմ պատկերացնում», - ասել է Չիրագ Հուսեյնովը, որի ձեռքում ադրբեջանական բանակի կողմից փլուզված տան փաստաթղթերն են միայն մնացել։

«Պետությունն իրավունք չունի քաղաքացու սեփականությանը ձեռք տալ առանց նրա թույլտվության», - նշում է փաստաբան Բահրուզ Բայրամովը։ Իրավաբանն ընդգծում է՝ կառավարությունը կարող էր համարժեք փոխհատուցում առաջարկել տան ու հողատարածքի համար, բայց առանց դրա քաղաքացու սեփականության վերաբերյալ որոշումն անօրինական է։

Անկախ լրագրողները պնդում են, որ հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն հենց վերաբնակեցման հետ կապված կոռուպցիոն սխեմաներն էր ուսումնասիրում, երբ իշխանությունները որոշեցին նրան ձերբակալել, ըստ իրավաապաշտպանների՝ մտացածին մեղադրանքներով։ Ձերբակալությունից առաջ Իբադօղլուն «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել էր, որ իշխանությունները մտածում են սեփական բիզնեսի զարգացման, ոչ թե այդ շրջանների բնակիչների ու նրանց բարեկեցության մասին։

Մինչ այդ էլ Meydan TV- ի հետաքննությունն էր պարզել՝ պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած շրջանների վերակառուցման համար մրցույթներում հաղթում են հիմնականում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների մերձավորները։ 2021-ին, օրինակ, երկու նախագահները մեկնել էին Զանգելան՝ հսկայական ագրոպարկի հիմնարկեքին, որը կկառուցի Էրդողանի զարմուհու ամուսինը՝ Աբդուլքադիր Քարագյոզը։ Թանկարժեք՝ մոտ 100 միլիոն դոլարանոց ծրագրին կմասնակցի նաև ադրբեջանական կողմը՝ “Pasha Holding”-ը , որը պատկանում է առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ընտանիքին։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Ֆիզուլիում, հունիս, 2021թ.
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Ֆիզուլիում, հունիս, 2021թ.

Ջաբրայիլի ճանապարհների ու ենթակառուցվածքների վերականգնման գործն էլ վստահվել է թուրքական Kalyon Holding-ին ու Cengiz Holding-ին։ Թեև այս ընկերությունների ղեկավարներն արյունակցական կապեր չունեն Էրդողանի հետ, բայց համարվում են նրա քաղաքական հենարանը․ հենց նրանք են, որ Թուրքիայում ամենաշատ պետական պատվերներն են ստացել Էրդողանի կառավարման ժամանակ։ Հիմա Kalyon-ը Հորադիզ-Աղբենդ երկաթգիծն է կառուցում, որի շինարարությունը գնահատվում է ավելի քան 180 միլիոն դոլար։

Ընդհանուր առմամբ, ըստ Meydan TV-ի , Ադրբեջանի կառավարությունը մոտ 3 միլիարդ դոլար է հատկացրել «Ղարաբաղի վերականգնման» համար, մրցույթներում շահել է 30-ից ավելի թուրքական ընկերություն։

Մինչ իշխանության հետ սերտ կապեր ունեցող գործարարները շահույթներն են հաշվում, Չիրագ Հուսեյնովը հուսահատ փորձում է հասկանալ՝ իր կորցրած սեփականությունը ով և երբ ետ կտա։ Բողոքել է փախստականների ու տեղահանվածների հարցերով զբաղվող կոմիտե, հստակ պատասխան այդպես էլ չեն տվել՝ հորդորելով սպասել, մինչև ծննդավայրում վերականգնողական աշխատանքները կավարտվեն։

XS
SM
MD
LG