Մատչելիության հղումներ

Միշելը քայլեր է առաջարկել, որոնք «կարտացոլեն Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը»


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման առաջխաղացման գործում, այսօր հայտարարել է Միշելի մամուլի խոսնակն՝ ընդգծելով՝ նրա վերջին շաբաթների ջանքերը, որոնց աջակցում է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, կենտրոնացած էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի լուծման վրա:

Նշվում է, որ ԵՄ հատուկ ներակայացուցիչ Կլաարը և նախագահ Միշելի թիմը հաճախակի կապի մեջ են եղել Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման հարցում լուծում գտնելու համար։

Հումանիտար իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է. հրամայական է քայլեր ձեռնարկել, որպեսզի լուծվեն տեղի բնակչության կարիքները, հայտարարել է խոսնակը՝ տեղեկացնելով, որ Եվրոպական խորհրդի նախագահն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը։

«Այս քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակը, որը կմատակարարվի այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքում», - ասել է նա՝ շարունակելով․ - «ԵՄ-ն համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ նախկին համաձայնագրերի և Միջազգային քրեական դատարանի որոշման համաձայն։ Եվրամիությունը նշում է, որ նաև Աղդամի ճանապարհով մատակարարումները կարող են լինել հիմնական կարիքների հրատապ և ամենօրյա ապահովման կոնկրետ և կայուն լուծման մաս»:

Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի՝ այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ղեկավարների վերջին հանդիպումից հետո։ Բրյուսելը նաև ընդգծել է, որ Բաքուն պետք է հստակեցնի Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և Հայաստան վերադարձի ընթացակարգերը Լեռնային Ղարաբաղի հայերի համար։

Զուգահեռաբար, Միշելի խոսքով, փոխանակումները կենտրոնացել են նաև Ղարաբաղի հայերին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների շուտափույթ վերականգնման վրա: Անմիջական իրավիճակից բացի՝ ԵՄ կողմը շեշտել է հակամարտության ժառանգությունը լուծելու անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն լուծումը հեշտացնելու համար:

«Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունն այս առումով էական կլինի։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ եղանակների շուրջ քննարկումները պետք է սկսվեն հնարավորինս արագ», - ասել է Շառլ Միշելը։

Նրա խոսքով՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը վստահության և վստահության ամրապնդման կարիք ունի։

«Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցության համար, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու նպատակով տեղում ներգրավվելու համար: Վերոնշյալ բոլոր ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղում գտնվող բոլոր բնակիչների», - ասել Միշելը՝ եզրափակելով․ - «Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը, նաև այսօրվա էսկալացիայի լույսի ներքո: ԵՄ-ն ներգրավված է եղել այլ միջազգային դերակատարների հետ այդ ջանքերում կանոնավոր անձնական շփումների և կարծիքների փոխանակման միջոցով, թե ինչպես լավագույնս լուծել ներկա անկայուն իրավիճակը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG