Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:
Գրիգորյանը սոցիալական ցանցում հայտնել է, որ Խովաևի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգային և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտությունը:
Ռուսաստանցի համանախագահին այսօր ընդունել է նաև ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված գործադրվող ջանքերը։
Տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից վերահաստատվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը և Լաչինի միջանցքի վերագործարկումը», - ասված է հանդիպման վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրության մեջ։