Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմումը ներկայացրեց ԱԺ, Սահմանադրության համաձայն, հրապարակման պահից այն ուժի մեջ է մտնում, իսկ խորհրդարանի կայքում արդեն հրապարակվել է։
Մինչև Արցախի նոր ղեկավարը ստանձնի պաշտոնը, նախագահի լիազորությունները կիրականացնի խորհրդարանի խոսնակ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը։
«Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս», - ֆեյսբուքյան երեկվա գրառմամբ Արայիկ Հարությունյանն իր որոշումը բացատրեց այսպես՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական մթնոլորտը հուշում է, որ Արցախում մոտեցումների ու քայլերի փոփոխության անհրաժեշտություն կա, իսկ դրա համար հիմնական դերակատարների փոփոխություն է պետք՝ սկսած իրենից:
Չնայած հրաժարականի մասին երեկվա նրա հայտարարությունից հետո ամենատարբեր վերլուծություններ հնչեցին, դրանց թվում նաև այն, որ պարտադրանքով է հեռանում, ինքը՝ Հարությունյանը պնդում էր՝ որոշումն իրենն է. - «Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»:
Օրեր առաջ ԱԺ դաշնակցական նախագահ Դավիթ Իշխանյանի մասին էր խոսվում, թե Հարությունյանի հրաժարականի դեպքում իր թեկնածությունն է քննարկվում։
Այս պահին Արցախի հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածու տարբեր շրջանակներ համարում են Արայիկ Հարությունյանի վերջին հրամանագրով պետնախարար դարձած ԱԽ նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանին։ Նորանշանակ պետնախարարը, ըստ տարբեր աղբյուրների, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմներից է, հենց նրա պաշտոնավարման տարիներին Շահրամանյանը Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն է եղել։
Այսօր ներկայացնելով նոր պետնախարարին՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե «մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը շատ պատասխանատու ժամանակաշրջան է, հորդորել սթափ գնահատել իրավիճակը և սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը՝ ներքին ու արտաքին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու, հումանիտար աղետը հաղթահարելու համար։
«Եթե մեզ հաջողվի, իսկ ինձ թվում է, իմաստությունը կհաղթի, մեզ հաջողվի պառլամենտով ընտրենք Սահմանադրությամբ նոր նախագահ, որը ձևավորելու է արդեն իր կառավարությունը, դա լինելու է ապացույց աշխարհին, որ մենք ունենք պետություն, ունենք Սահմանադրություն, դա ոչ թե կազմաքանդում է, այլ հակառակը», - ընդգծեց Հարությունյանը:
Արդյո՞ք սա ակնարկ էր, որ իր փոխարինողը հենց Շահրամանյանն է լինելու, թե՞ զուտ հեռացող նախագահի վերջին հորդորն էր, պարզ չէ։
Համենայնդեպս, խորհրդարանի որևէ կուսակցություն դեռևս պաշտոնապես չի հայտարարել, թե թեկնածու կներկայացնի և ում։
Վերջերս փոփոխված օրենսդրությամբ՝ Արցախի նոր նախագահին կընտրի խորհրդարանը՝ խմբակցությունների առաջադրած թեկնածուներից։ Ընտրությունը պետք է կազմակերպվի 7-10 օրվա ընթացքում։ Ընդ որում, այն կարող է երկու փուլով կարող է անցկացվել։ Ռազմական դրության ժամանակ, իսկ Արցախում հենց ռազմական դրություն է, ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը՝ այսինքն մինչև 2025-ի մայիսը։
44-օրյա պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանն էր ղեկավարում Արցախը։ Նա պաշտոնը ստանձնեց 2020-ի մայիսի 21-ին՝ Շուշիում անցկացված երդմնակալության արարողության ընթացքում։
Դրական արձագանքի ու հակառակը՝ քննադատության պակաս երեկվանից չկա, թե նախագահի ինստիտուտը ապամոնտաժելու քայլ էր, այն, ինչ Ադրբեջանն է պահանջում, նաև նման գնահատականներ են հնչում, որ նրա հաջորդը միգուցե ավելի արդյունավետ կառավարի փաստացի ամիսներով ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախը։
Հայաստանյան ընդդիմությունն այս հրաժարականի մեջ հնարավորություններ է տեսել։ Դաշնակցությունից Արթուր Խաչատրյանը չափավոր լավատես էր։
«Այս ճգնաժամային վճռական պահին Արցախին պետք է մարդ, որը գիտեի՝ ինչպես մոբիլիզացնել հասարակությունը: Պետք է ցույց տալ, որ Արցախը գործոն է, ոչ թե օբյեկտ է, որի մասին բանակցում են, այլ սուբյեկտ է, որ ինքն է բանակցում ինչպես որ եղել է էն ամենածանր պահերին՝ 91, 92, 93-ի առաջին կեսերին», - ասաց խաչատրյանը:
Վերջին շրջանում, երբ Հայաստանի վարչապետն արդեն ճանաչել էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, Հարությունյանը, ի տարբերություն արցախցի մյուս պաշտոնյաների, ավելի դիվանագիտական հռետորաբանություն ուներ։
Երբ Արցախի պետնախարարը Հայաստանից կոնկրետ պահանջ ուներ՝ հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մտահղացումից, նույն օրը նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում էր. - «Հայաստանից պահանջում ենք զերծ մնալ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու էր և հայտարարությունից ու գործողությունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:
Արայիկ Հարությունյանը հրաժարականի իր որոշումը երեկ՝ կեսօրից հետո հրապարակեց, արդեն ժամեր շարունակ հրաժարականի նրա դիմումն էլ կա, մինչև այս պահը, սակայն, Հայաստանի վարչապետը չի արձագանքել։ «Ազատության» հետ զրուցում իշխանական պատգամավորներն էլ չցանկացան անդրադառնալ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։