Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հումանիտար օգնությունը հասավ Հակարիի կամրջի մոտ. Բաքուն նրանց առջև էլ չբացեց միջանցքը


Ֆրանսիայի ուղարկած հումանիտար օգնությունն այսօր Երևանից հասավ Հակարիի կամրջի մոտ ու արժանացավ նույն ճակատագրին, ինչ Հայաստանի կառավարության բեռը։ Բաքուն ֆրանսիական բեռնատարների առջև ևս չբացեց Լաչինի միջանցքը։

Փարիզի, Ստրասբուրգի ու ֆրանսիական մի քանի այլ խոշոր քաղաքների ուղարկած հումանիտար շարասյունն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Գորիսում ֆրանսիական պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային ու ռեգիոնների իշխանության ներկայացուցիչներ, դիմավորեցին Արցախի արտգործնախարարը, Սյունիքի մարզպետը, Գորիսի համայնքապետը։ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը տեղում պատվիրակությանը ներկայացրեց իրավիճակը։ Պատմեց Լաչինի ադրբեջանական անցակետում Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի և երեք երիտասարդների ձերբակալությունների ու Բաքվի կողմից քրեական հետապնդումների մասին։

«Այ հիմա դուք ինքներդ ականատեսն եք, որ այդ ապօրինի անցակետ տեղադրելու պատճառով ձեր կողմից բերված հումանիտար օգնությունը հնարավորություն չունի հասնի Արցախ», - ասաց նա։

Ավելի ուշ Գորիսում Անն Իդալգոյի ղեկավարած պատվիրակության մամուլի ասուլիսին տեսակապով միացավ նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ասաց՝ Արցախն այս օրերին ապրում է իր պատմության ամենածանր օրերը. - «Ադրբեջանը ակնկալում է ճնշմամբ՝ մանավանդ հումանիտար և սննդի և այլ պարագաներով ծնկի բերել Արցախին, արցախցուն, բայց դա չի հաջողվի»։

Փարիզի քաղաքապետը նշեց, որ եկել են իրենց համերաշխությունն ու բարեկամությունը արտահայտելու. - «Մենք կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնցում հիմնականում չհնացող սնունդ է, մանկական կեր, կաթի փոշի, նաև գեներատորներ, այն ամենը, որը հնարավորություն կտա ձեզ դիմադրելու»։

Իդալգոն նաև ցեղասպանություն և էթնիկ զտում որակեց Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացվող քաղաքականությունը։

«Նաև դիմում ենք Ֆրանսիայի նախագահին, որ նա օգտագործի այն դիրքը, որ ունի Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև ընդունելու համար Արցախի ժողովրդի իրավունքները հարգելու նպատակով», - նշեց նա։

Օրերս Ֆրանիսայի նախագահը հայտարարել էր, որ Փարիզը պահանջելու է լիարժեքորեն պահպանել Լաչինի մարդասիրական միջանցքի գործունեության պայմանները ու հանդես կգա դիվանագիտական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը։ Էմանյուել Մակրոնը, սակայն, չէր հստակեցրել, թե ինչ նկատի ունի։

Ֆրանսիական լրատվամիջոցներն անցած շաբաթ չէին բացառել, որ Փարիզը հնարավոր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ներկայացնի, պաշտոնական հաստատում, սակայն, մինչ այս պահը չկա։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևից խոսեց նաև պատվիրակության մեկ այլ անդամ՝ Օ-Դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քսավյե Բերտրանը։ Ընդգծեց, որ պատվիրակության կազմում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կան, բայց բոլորն էլ նախագահ Մակրոնից պահանջում են ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը. - «Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը դարձնել բանտ և այնտեղից քշել բնակիչներին։ Ի՞նչ է պետք անել, որպեսզի միջազգային հանրությունը վերջապես արթնանա։ Պե՞տք է արդյոք սպասել մի քանի օր, մի քանի շաբաթ, մի քանի ամիս, որ լինեն հարյուրավոր զոհեր, որովհետև չի լինի բժշկական օգնություն, չի լինի բավականաչափ սնունդ։ Արդյոք սրան է պետք հասնել, որ միջազգային հանրությունը արթնանա»։

Բերտրանը նաև տեղեկացրեց, որ ֆրանսիական հումանիտար բեռի մի մասը կբաժանվի Արցախից տեղահանվածներին, մի մասը կմնա Կոռնիձորում, նա միջազգային համայնքի մյուս անդամներին կոչ արեց միանալ ֆրանսիական քաղաքների քայլին։

XS
SM
MD
LG