Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյաը՝ նշելով՝ Շահրամանյանին լայն լիազորություններ են տրվել:
«Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը», - Ֆեյսբուքում գրել է Հարությունյանը:
Արտակ Բեգլարյանն էլ ֆեյսբուքում գրել է, որ իր դիմումի համաձայն, այսօր ազատվել է պետնախարարի խորհրդականի պաշտոնից։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022-ի նոյեմբերից:
Շահրամանյանը 2023-ի հունվարից Արցախի ԱԽ քարտուղարն էր։ 2023-ի մարտի 1-ին նա ներկա է եղել ռուս խաղաղապահների զորախմբի շտաբում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը։ Հայկական կողմից աշխատանքային խումբը նա էր ղեկավարում, ադրբեջանականից՝ Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը։
Գուրգեն Ներսիսյանը նախքան պետնախարարի պաշտոնում նշանակվելը Արցախի Գլխավոր դատախազն էր։ Նրա լիազորություններն այս տարվա փետրվարի 24-ին վաղաժամկետ դադարեցվեցին, դրանից մեկ օր առաջ պետնախարարի պաշտոնից ազատվեց Ռուբեն Վարդանյանը և օրեր անց այդ պաշտոնում նշանակվեց Գուրգեն Ներսիսյանը։