Մատչելիության հղումներ

Դրսի ճնշումը իսկապես շատ մեծ էր. Ռուբեն Վարդանյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին


Դրսի ճնշումը իսկապես շատ մեծ էր, անդրադառնալով իր պաշտոնանկության պատճառներին՝ հայտարարել է Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք ունենք դրսի աշխարհ և ներսի աշխարհ: Ինձ թվում էր, որ դրսի ճնշումը չի օգնում մեզ ներսում ունենալ իրավիճակ, որ զգանք, թե կարողանում ենք այս ճնշման դեմ պայքարել ավելի ուժեղ», - ասել է Վարդանյանը։

Նա հավելել է, որ չի հեռանալու Արցախից՝ ընդգծելով. - «Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց նշեմ, որ ես ոչ միայն չեմ գնալու, այլեւ չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի։ Ես ուրախությամբ կշարունակեմ զբաղվել այն գործունեությամբ, որն իրականացրել եմ մինչ այս»։

«Մեր հիմնադրամը՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը, արդեն բավական ծրագրեր արել է։ Պետք է ասեմ, որ դա պետական և մասնավոր հատվածի, Հայաստանի, Սփյուռքի, հայկական և ոչ հայկական հասարակական կազմակերպությունների միջև շատ կարևոր համագործակցության օրինակ էր։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, որովհետև եթե մենք խոսում ենք ապագայի մասին, շատ կարևոր է, որ այդ համագործակցությունը շարունակվի», - նշել է Ռուբեն Վարդանյանը։

Դիմելով Արայիկ Հարությունյանին՝ Վարդանյանն ասել է. - «Իսկապես շատ ծանր է ձեր պատասխանատվությունը, որպես նախագահ, որ ընտրվել է պատերազմից չորս ամիս առաջ, շատ ծանր վիճակում եք, այսքան ժամանակ տանում եք այդ ծանրությունը։ Ես վստահաբար եմ ասում, որ հաջողության հասնելու համար պետք է մոտեցումը լինի համակարգային, եթե չենք կառուցում համակարգ, եթե չենք ներդնում թափանցիկ, հետևողականորեն ստեղծված մեխանիզմներ, շատ դժվար է հասնել հաջողության»։

Մյունխենում Իլհամ Ալիևի ներկայացրած պահանջից ուղիղ 5 օր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Արայիկ Հարությունյանը Վարդանյանին պաշտոնանկ անելու կոնկրետ պատճառաբնություն չի ներկայացրել, սահմանափակվելով այս նախադասությամբ՝ «Մեր բոլորիս և պետության, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»:

XS
SM
MD
LG