Արդյո՞ք Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունն իրավիճակ կփոխի Արցախում. ադրբեջանցիները կբացե՞ն Լաչինի միջանցքը, որ փակ է 75 օր։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն այդպիսի զարգացում չի սպասում, ասում է՝ սա Ադրբեջանի միակ պահանջը չէր։
«Ադրբեջանն ավելի լուրջ պահանջներ ունի և մինչև այդ պահանջներն առնվազն մասնակիորեն չկատարվեն, չարժե որևէ առաջընթաց ակնկալել այդ հարցում», - «Ազատությանն» ասաց Գրիգորյանը։
Ռուբեն Վարդանյանի հրաժարականը Բաքուն պահանջում է նրա նշանակման օրերից՝ նրան համարելով Մոսկվայից գործուղված։ Անցած շաբաթ էլ Մյունխենում Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ Արցախի ժողովրդի հետ կխոսի, եթե Ռուբեն Վարդանյանը հեռանա։ Վարդանյանն ավելի վաղ էր հայտարարել, թե հրաժարական չի տա։ Նա ազատվեց նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով։
Հայաստանի ու Արցախի ընդդիմադիրները մեկնաբանեցին, որ Հարությունյանը կատարում է Ալիևի հրամանը։ Քաղաքագետ Գրիգորյանը համաձայն չէ, որ միայն Ալիևի պահանջով է Վարդանյանը հեռացվել, նշում է՝ նաև ներքաղաքական պատճառներ կան։ Հայաստանի իշխանությունն էլ դեմ չէր նրա պաշտոնանկությանը։
«Պետք չէ նաև մոռանալ ներքաղաքական կոմպոնենտի մասին։ Պարզ է նաև, որ ներքաղաքական պայքարել էր ընթանում ու, կարծում եմ, որ շարունակելու է ընթանալ Ղարաբաղում Վարդանյանի ու Հարությունյանի թիմերի միջև», - ասաց քաղաքագետը։
Արայիկ Հարությունյանն այդպես էլ հստակ չբացատրեց՝ ինչու է հեռացնում Վարդանյանին, որին չորս ամիս առաջ նշանակեց՝ նրան մեծ լիազորություններ տալով։
«Պետության դիմադրողականությունը չսպառելու համար եմ որոշում կայացրել»,- նշել է Հարությունյանը։
Ըստ քաղաքագետի՝ Ռուբեն Վարդանյանը բարդացրեց Արցախի ու Ադրբեջանի երկխոսելու հնարավարությունը։ Մինչև իր նշանակվելն Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն էր այդ բանակցողը, որը պաշտոնից հեռացավ Վարդանյանի նշանակվելուց հետո, իսկ արդեն նախկին պետնախարարի հռետորաբանությունն, ըստ քաղաքագետի, դիվանագիտական չէր նաև Հայաստանի իշխանության հետ խոսելիս։
«Նախկինում նմանատիպ բազմաթիվ դեպեր եղել են, երբ բանակցելու միջոցով հնարավոր էր կենսական նշանակություն ունեցող տարբեր հարցերին լուծումներ գտնել, հիմա Ռուբեն Վարդանյանի անձը, նրա կողմից արվող տարբեր հայտարարություններ, ոչ միայն Բաքվի, այլ Հայաստանի իշխանությունների վերաբերյալ, կարծում եմ, բարդացնում էին ինչ-որ չափով իրավիճակը, և կարծում եմ, որ դա նկատի ուներ Արայիկ Հարությունյանը», - ասաց Գրիգորյանը։
«Ես այստեղ եմ, ես պայքարում եմ ու ես այստեղից չեմ գնալու ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին», - Արցախում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Վարդանյանը։
Ռուբեն Վարդանյանը պաշտոնից ազատվելուց հետո հայտարարեց, թե չի հեռանալու Արցախից։ Պետնախարարի պաշտոնը առաջարկվել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։