Բաքուն պատրաստ է «Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
«Ադրբեջանն այսօր խոսում է խաղաղության օրակարգի մասին, և դա նշանակում է, որ մենք շրջել ենք պատմության սև էջերը հանուն պայծառ ապագայի։ Այդ կոնտեքստում մենք հայտարարել ենք Ղարաբաղի ծագումով հայերի սոցիալական, քաղաքական և տնտեսական վերաինտեգրման պատրաստակամության մասին», - ասել է Բայրամովը լրագրողներին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջին իսկ օրից ասել է, որ պատրաստ է խոսել Ղարաբաղի հայերի հետ, կային նաև դրական արդյունքներ։
«Սակայն, այդ մարդը {նկատի ունի Ռուբեն Վարդանյանին-խմբ.}, որ դրսից Ղարաբաղ եկավ կամ ուղարկվեց, խաղալով ինչ-որ խաղեր, մեզ համար չի կարող լինել բանակցությունների կողմ։ Նրա ետևում կանգնած մարդիկ հասկացան, որ «Ռուբեն Վարդանյան պրոյեկտը» չի աշխատի», - շեշտել է Բայրամովը։
Ռուբեն Վարդանյանի հրաժարականը Բաքուն պահանջում էր նրա նշանակման օրերից՝ նրան համարելով Մոսկվայից գործուղված։ Անցած շաբաթ էլ Մյունխենում Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ Արցախի ժողովրդի հետ կխոսի, եթե Ռուբեն Վարդանյանը հեռանա։ Վարդանյանն ավելի վաղ էր հայտարարել, թե հրաժարական չի տա։ Նա ազատվեց նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով։