Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր թեկնածուները ոչ միայն քաղաքային, այլև անվտանգային, Արցախի խնդիրներից են խոսում


Երևանի քաղաքապետարանի շենքը, օգոստոս, 2023թ.
Երևանի քաղաքապետարանի շենքը, օգոստոս, 2023թ.

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունների քարոզարշավի յոթերորդ օրն է. մինչ մի շարք քաղաքական ուժեր կենտրոնանում են ոչ թե քաղաքային տնտեսության, այլ անվտանգային ու առաջին հերթին Արցախի խնդրի վրա, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատում է՝ այս հարցերն ավագանու գործառույթների մեջ չեն մտնում։

Երեկ էլ, երբ լրահոսի գլխավոր նորությունը Լաչինի միջանցքից արցախցի երիտասարդների առևանգումն էր, Ավինյանը Ֆեյսբուքում Կարապի լճում ընթացող համերգից տեսանյութ էր հրապարակել ու կոչ արել իրեն միանալ։ Սա աննկատ չանցավ, և օգտատերերն ու մրցակիցները սկսեցին քննադատել Ավինյանին։

Իշխող ուժի քաղաքապետի թեկնածուից ընդդիմախոսների քննադատությունների վերաբերյալ այսօր «Ազատություն»-ը փորձեց արձագանք ստանալ։ Աջափնյակում քարոզարշավ անցկացնող Ավինյանը հարցին՝ «ինչո՞ւ ոչ մի անգամ չեք անդրադառնում անվտանգային խնդիրներին», այսպես արձագանքեց. - «Երևանի ավագանու լիազորությունների շրջանակը Դուք գիտե՞ք ինչ ա: Չէ ո՞վ ա ասում [որ քաղաքապետը քաղաքական պաշտոն է. - խմբ.]: Հիմա ես էլ ասում եմ, որ, ասենք, մածունը սև ա: Ո՞վ ա ասում դա: Հասկանում ե՞ք, երբ որ մենք կոնտեքստից պոկվենք իրական, սկսենք խոսել նրանից, ինչ որ որ ուզում են էն մարդիկ, ովքեր որ կապ չունեն ոչ Երևանի հետ, ոչ էլ Երևանի ընտրությունների հետ, ոչ էլ Երևանի խնդիրների հետ, բա էս մարդկանց հարցերին ո՞վ պատասխանի»:

Ավինյանն այսօր էլ կրկնեց խոստումները՝ ֆուտբոլի դաշտից մինչև մետրոյի նոր կայարան. - «Անպայմանորեն հաջորդ տարի էդ կայարանի կառուցումը սկսելու ենք: Դե ուրեմն, ժողովուրդ ջան, ասեք՝ անենք, ասեք՝ անենք...»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրարշավի ժամանակ, օգոստոս, 2023թ.
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրարշավի ժամանակ, օգոստոս, 2023թ.

Մինչդեռ Ավինյանի հիմնական ընդդիմախոսներից ոմանք հայտարարում են՝ ընտրապայքարը քաղաքական գործընթաց է, քաղաքապետի պաշտոնն էլ քաղաքական է: Քարոզարշավի ընթացքում այս ուժերը՝ «Ապրելու երկիր»-ը, «Մայր Հայաստան» դաշինքը և մյուսները, Երևանի տնտեսությանը վերաբերող հարցերից զատ խոսում են նաև անվտանգային խնդիրներից, Արցախում ստեղծված իրավիճակից։

«Ինչպե՞ս է Երևանը կապվում որպես քաղաք այդ իրավիճակին: Բանը նրանում է, որ Երևանը՝ մայրաքաղաք լինելով, քաղաքական տոն է տալիս ամբողջ հանրապետությանը», - ասում է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:

«Ապրելու երկիր»-ի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ընտրարշավի ժամանակ, օգոստոս, 2023թ.
«Ապրելու երկիր»-ի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ընտրարշավի ժամանակ, օգոստոս, 2023թ.

«Գլխավոր խնդիրը՝ մարդկանց հուզում է անվտանգությունը ընդհանրապես, և Երևանի կառավարումը նրանք չեն տարանջատում», - նշում է «Մայր Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանը:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Թևանյանն այսօր Քանաքեռ-Զեյթունի փողոցներով ու բակերով էր շրջում։ Իշխանափոխության հասնելու օրակարգով ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան»-ի առաջնորդը, անդրադառնալով երեկ Լաչինի միջանցքից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը, հայտարարեց՝ մեղավորը իշխանություններն են:

«Դրա մեղավորությունը կոնկրետ ոչ միայն հանցավոր գործողությունների դիմող Ալիևինն է, այլ նաև՝ Հայաստանի ու Արցախի իշխանությանը: Մենք համոզված ենք, որ պետք է Արայիկ Հարությունյանը պետք է հեռացվի Արցախի նախագահի պաշտոնից, պետք է այստեղից էլ հեռացվի Նիկոլ Փաշինյանը», - պնդում է ընդդիմադիր գործիչը:

«Մայր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ընտրարշավի ժամանակ, օգոստոս, 2023թ.
«Մայր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ընտրարշավի ժամանակ, օգոստոս, 2023թ.

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերն ամենատարբեր մեթոդներով շարունակում են համոզել երևանցիներին սեպտեմբերի 17-ին իրենց օգտին քվեարկել։ Ոմանք ավանդական տարբերակն են ընտրել՝ շրջում են փողոցներով ու բակերով, մյուսները համացանցում են ավելի ակտիվ՝ քարոզչական հոլովակներ, հարցազրույցներից հատվածներ են հրապարակում։

Գործող ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօր Կենտրոնում էր շրջում։ Լրագրողների հետ զրույցում մեքենաների կայանատեղիների խնդրին անդրադարձավ. - «Մենք առաջարկում ենք վերգետնյա ավտոկայանատեղիներ, որոնցից մեկը պետք է լինի «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնի հարակից տարածքում, որը մեզ հնարավորություն կտա բեռնաթափելու այս հանգույցը: Վերգետնյա ավտոկայանատեղի պետք է լինի Շրջանայինի հատվածում՝ սա մի առաջարկ է եղել, որը 2017-ին ես հրապարակել եմ, որը վերաբերում է ՍԱՍ հանրախանութի տարածքը դարձնելու բազմահարկ վերգետնյա ավտոկայանատեղի, քանի որ այդ շինությունը չունի որևէ ճարտարապետական նշանակություն, այդ շինությունը որպես ենթակառուցվածք ծայրահեղ անհրաժեշտություն չէ այնտեղ»:

«Լուսավոր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը քարոզարշավի ժամանակ, օգոստոս, 2023թ.
«Լուսավոր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը քարոզարշավի ժամանակ, օգոստոս, 2023թ.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր»-ը Նուբարաշենի, ապա նաև Նորք-Մարաշի բակերով պտտվեց։ Իրավաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին քաղաքապետի պաշտոնում առաջադրած «Հանրապետություն»-ը Արաբկիրում էր, փաստաբան Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան»-ը՝ Նոր Նորքում։ Իշխող ուժի կողմից 2021-ին պաշտոնանակ արված Հայկ Մարությանն էլ այսօր վերելակները փոխելու մասին հոլովակով կիսվեց: Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը նույնպես պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որտեղ խոսում է մայրաքաղաքի խնդիրների մասին։ Դատախազ Նելլի Հարությունյանին քաղաքապետի պաշտոնում տեսնող «Ուժը հայրենյաց»-ը ևս ակտիվ է սոցցանցերում:

Ընտրություններին մասնակցող մյուս ուժերն առայժմ ավելի պասիվ են, քարոզարշավը կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը։

XS
SM
MD
LG