Մատչելիության հղումներ

Հենց հայտնվենք ավագանիում, այդ ժամանակ համապատասխան քննարկումներ կլինեն՝ ով է ում աջակցելու. Զեյնալյան


«Ազատությունն» այսօր զրուցել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Որոշ ուժեր ասում են՝ վերցնենք Երևանը և պարտադրենք Փաշինյանին հեռանալ:

Զեյնալյան. - Ես կարծում եմ՝ դա վնասակար է Հայաստանի համար, նաև Արցախի համար: Այն, ինչ որ հիմա ասվում է, եթե անգամ պատկերացնենք, որ դա իրականացվի, միայն օրինական ճանապարհով, միայն ընտրությունների միջոցով, միայն ժողովրդի կողմից ստացած քվեով:

«Ազատություն». - Հետընտրական դաշինքներ ո՞ւմ հետ եք հնարավոր համարում կամ բացառման սկզբունքով ո՞ւմ հետ չեք պատկերացնում:

Զեյնալյան. - Երևանի օրենսդիր մարմնում՝ ավագանիում նվազագույնը երեք քաղաքական ուժ պետք է լինի և այդ նվազագույն երեք քաղաքական ուժերը, կարող է լինեն ավելի, կարող են միմյանց հետ համագործակցել: Նրանք ձևավորել են օրենսդիր մարմինը, մենք հորդորում ենք մեր ընտրողներին, որպեսզի քվեարկեն մեր օգտին, որպեսզի մենք ստանանք 50 և ավելի տոկոս ձայն կամ ավելի շատ ձայն քան մյուսները, որպեսզի մնացած բոլորին համախմբենք մեր շուրջը:

«Ազատություն». - Եթե՝ ոչ, դրա համար դուք ստիպված եք լինելու հայցելու այլ խմբակցությունների ձայները կամ հակառակը՝ ասենք, Ավինյանն է դառնում, նա է ձեր ձայնը խնդրում:

Զեյնալյան. - Հենց որ հայտնվեցինք ավագանիում, այդ ժամանակ արդեն համապատասխան քննարկումներ տեղի կունենան՝ ով է ում աջակցելու: Մենք ունակ ենք համախմբելու մեր շուրջը, մենք հանդես չենք գալիս ատելության խոսքով, մեր քարոզչությունը կամ մեր գաղափարախոսությունը նզովքի վրա չի, ատելության վրա չի, հայհոյանքի ու վիրավորանքի վրա չի, մենք կարող ենք համախմբել բոլորին:

«Ազատություն». - Իմ հարցն ավելի շուտ այն մասին է, որ ձեզ քվե տվողը վաղը իմանա՝ վաղը իր ձայնն ինչին կարող է ծառայել, ասենք, դա կարող է օգնել Ավինյանին քաղաքապետ դառնալ, թե՝ ոչ, Թանդիլյանին, Մարությանին և այլն, թե՞ դուք սկզբունքորեն բացառում եք ինչ-որ սցենարներ:

Զեյնալյան. - Հարգում ենք ժողովրդավարությունը, հարգում ենք ընտրական իրավունքը և Երևանն ինչպես որ կքվեարկի, ինչպես որ կբաժանվեն ձայները, դրանով էլ կառաջնորդվենք:

«Ազատություն». - Դա նշանակում է՝ կարող է բոլորի հետ էլ համագործակցեք, ինչու՝ ոչ:

Զեյնալյան. - Մենք չենք կարող ատել որևէ մեկին, ում ընտրել է Երևանի բնակիչը, մենք պարտավոր ենք համակերպվել ընտրության արդյունքների հետ, եթե դրանք օրինական են ու արդար:

«Ազատություն». - Իսկ պատրա՞ստ եք մի սցենարի՝ միավորվել ընդդիմադիր ուժերով ու այդպես վերցնել իշխանությունը:

Զեյնալյան. - Վաղ է դրա մասին խոսել, սպասենք ընտրության արդյունքներին:

«Ազատություն». -Պարոն Զեյնալյան, դիցուք ընտրվել եք, ինչպե՞ս եք աշխատելու մի կառավարության հետ, որը ձեր քաղաքական թիմը չէ, նրանք են հաստատելու շատ ֆինանսավորումներ, վարկային ծրագրեր և նախընտրական ձեր ծրագիրը չի համընկնում՝ վարչապետ Փաշինյանն այլ բան է խոստանում, դուք՝ այլ:

Զեյնալյան. - Բնականաբար, եթե իմ ընդդիմախոսներից և հակառակորդներից մեկը կասի, որ չի համագործակցելու քաղաքական մեծամասնության հետ, նա կա՛մ հասարակագիտական և քաղաքագիտական գիտելիքներ չունի, կա՛մ անկեղծ չի հասարակության հետ:

«Ազատություն». - Իշխանության հետ այսօր «Հանրապետություն» կուսակցության սկզբունքային տարբերությունը ո՞րն է: Պատերազմից հետո հատկապես հիմնական ընդդիմության խոսույթը, մասնավորապես, խորհրդարանում և փողոցում ներկայացված, որ նրանք թուրք են, դավաճան: Դուք նման բան չե՞ք ասում:

Զեյնալյան. - Ոչ, մենք նման բան չենք ասում և նման լեքսիկոնը, ատելության խոսքը տեղ չունի: Մեր տարբերությունն այսօրվա քաղաքական մեծամասնության հետ հանգուցային է, դրանով մենք համարվում ենք ընդդիմություն, մենք ասում ենք, որ պետք է Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, պետք է ասոցացման համաձայնագիր ստորագրի և չպետք է թույլ տանք, որպեսզի Հայաստանը դառնա Թաթարստանի կարգավիճակ ունեցող մարզ Ռուսաստանի կազմում: Իհարկե, սա իշխանությունները չեն ասում, բայց մեր տարբերությունը այսօր քաղաքական դաշտում գործող որոշ քաղաքական ուժերից նաև դրանում է:

«Ազատություն». - Այսինքն՝ դուք այս ընտրությունն էլ եք տեղավորում արևմտամետ և ռուսական կողմնորոշման պայքարի շրջանակում:

Զեյնալյան. - Մնացած բոլորը ածանցյալներ են, հետևանքներ են սրա: Այո, մեր տեղը, Հայաստանի տեղը քաղաքակիրթ աշխարհի երկրների շարքում է, այն երկրների շարքում, որոնք պաշտպանում են առանց ուժի կիրառման հարցերի լուծումը, առանց ուժի կիրառման սպառնալիքի հարցերի լուծումը, այսինքն, ժամանակակից աշխարհակարգի պահապանների կողմից և ոչ թե նվաճողական պատերազմներ անող երկրի կազմում՝ Թաթարստանի կարգավիճակով:

«Ազատություն». - Բայց դա ի՞նչ կապ ունի ավագանու գործառույթների հետ:

Զեյնալյան. - Այսօր ավագանու ընտրություններին մասնակցում են նաև քաղաքական ուժեր, որոնց նպատակն է ավագանուն ներկայացված լինել հյուսիսային հովերով:

«Ազատություն». - Ո՞ւմ նկատի ունեք:

Զեյնալյան. - Լրագրողական հետաքննության կանեք՝ կպարզեք նաև քաղաքական աջակցության տեսակետից, նաև ֆինանսական աջակցության տեսակետից մի քանի ուժեր կան, որոնք նաև ռուսական ծագման ֆինանսական միջոցներով են մասնակցում այս ընտրություններին:

Ռուս խաղաղապահները Ադրբեջանի բանտապահներն են. Արտակ Զեյնալյան
please wait

No media source currently available

0:00 0:24:12 0:00

XS
SM
MD
LG