Մատչելիության հղումներ

Ակնկալում ենք 50 տոկոսից ավելի քվեով հաղթանակ. Տիգրան Ավինյան


Ակնկալում ենք 50 տոկոսից ավելի քվեով հաղթանակ, «Ազատության» հետ զրուցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Արդյոք «Քաղաքացիական պայմանագրի» ակնկալիքը կամ հաշվարկը 50 տոկոսից ավելի քվեն է:

Ավինյան. - Այո, վստահաբար, մենք միանշանակ տրամադրված ենք հաղթանակի և տրամադրված ենք այդ հաղթանակին հասնելու ժողովրդի հետ երկխոսության միջոցով, որովհետև մենք ունենք արդեն իսկ կոնկրետ իրականացրած աշխատանք: Էն, ինչ որ մենք խոստացել ենք, արել ենք: Մենք առաջարկում ենք նոր 5-ամյա պլան՝ ավելի հավակնոտ, ավելի ամբիցիոզ, ավելի մեծ ծրագրերի մասին:

«Ազատություն». - Սակայն եթե՝ ոչ, ձեզ պետք են լինելու այլ կուսակցությունների ձայներ, կա՞ն ուժեր, որոնց հետ այդ սցենարի դեպքում դիտարկում եք հնարավոր հետընտրական դաշինքներ:

Ավինյան. - Անկեղծ ասած՝ մինչ ընտրությունները նման քննարկումները ուղղակի կարծում եմ անիմաստ են, որովհետև ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո պարզ կլինի, թե ինչ է լինելու: Մենք վստահ ենք, որ կարողանալու ենք հավաքել մեծամասնությունը:

«Ազատություն». - Որոշ թեկնածուներ ասել են, որ Դուք այնպիսի արշավ եք անում կարծես կապ չունեք իշխանության հետ, որի օրոք Հայաստանը պատերազմում պարտվել է, Արցախի, Հայաստանի անվտանգությանն այսպիսի լուրջ մարտահրավերներ են առաջ եկել:

Ավինյան. - Ես եղել եմ երեք տարի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամը, ուզում եմ հասկանալ ո՞ր տրամաբանությամբ ես կապ չունեմ այդ կուսակցության կամ իշխանության հետ:

«Ազատություն». - Ի դեպ՝ այդ նույն ուժերը իշխանափոխության, Արցախի փրկության օրակարգով են մտել ընտրապայքար, մեծ իմաստով այստեղ տրամաբանություն չկա՞, երբ քաղաքային տնտեսությունից հիմա շատ ավելի կարևորվում են այս հարցերը:

Ավինյան. - Ես կարծում եմ՝ իմաստ չունի այս օրակարգով բանավեճի մեջ մտնել, որովհետև Երևանի ավագանին ուղղակի իրավասու չի նման խնդիրներ լուծել:

«Ազատություն». - Արդյո՞ք վարչապետը միանալու է ընտրարշավին և Ձեզ ձայն տալու ուղիղ կոչեր լինելո՞ւ են:

Ավինյան. - Կարծում եմ՝ վարչապետը շատ ավելի ծանր ու դժվարին օրակարգ ունի այս պահի դրությամբ, քան ինտենսիվ ընտրարշավին մասնակցելը, և այդ առումով կարծում եմ, որ վարչապետի աշխատանքն ու այն գործերը, որոնց վրա նա կենտրոնացած է, ավելի կարևոր են այս պահին:

«Ազատություն». - Եվ տեղին չե՞ն 2018-ի հետ զուգահեռները, երբ Հայկ Մարությանի համար քվե էր խնդրում:

Ավինյան. - Ես կարծում եմ՝ ոչ, տեղին չեն, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակն է այլ, խնդիրներն են ավելի դժվարին և ավելի բարդ, կարծում եմ, շատ տրամաբանական է, որ կենտրոնացումը հենց այդ խնդիրների վրա է:

«Ազատություն». - Ամփոփելով՝ նա չի միանալու:

Ավինյան. - Նրա փոխարեն չմեկնաբանեմ և չասեմ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդպես է լինելու:

«Ազատություն». - Դիտորդական առաքելությունները, «Ականատեսը» մասնավորապես, վարչական ռեսուրսի կիրառման մասին է բարձրաձայնում երեկվա զեկույցով, որ քարոզարշավն իրականում մեկնարկել է ավելի վաղ և դուք ձևավորել եք անհավասար մրցակցային միջավայր, ակնհայտ առավելություն եք ստացել մյուսների նկատմամբ:

Ավինյան. - Ես վերջին մեկ տարվա ընթացքում փոխքաղաքապետ եմ և իրականացնում եմ այն գործառույթները, որ պետք է իրականացնի փոխքաղաքապետը: Եթե քննադատությունը նրանում է, որ ես անում եմ աշխատանք և դա լուսաբանվում է, ես կարծում եմ, այդտեղ ուղղակի անտրամաբանական է:

«Ազատություն». - Ոչ, անում եք բաներ, որոնք ժամանակին քաղաքապետն էր անում, մասնակցում էր կառավարության նիստերին, քաղաքապետարանի գործակարգավարական նիստերն էր վարում, որտեղ հնչում են խոստումներ, ռեֆորմների ցուցումներ են տվում, բնակիչների հետ եք հանդիպում, որոնք ևս նկարահանվում են հանրային հեռարձակողը դա ցուցադրում է, քաղաքապետարանի լրատվականն է լուսաբանում: Այս ամենը վարչական ռեսուրսի չարաշահում չէ՞:

Ավինյան. - Ես կարծում եմ, որ՝ ոչ, որովհետև նույն առաջին տեղակալը նույնպես լուսաբանվում է, մյուս տեղակալները, իրենց ցանկությամբ, իրենց հանրային ակտիվությամբ, բայց մյուս կողմից տրամաբանական է որոշակիորեն նաև լրատվականների կողմից ուշադրության կենտրոնում լինելը, որովհետև, այնուամենայնիվ, դեռևս մինչև փոխքաղաքապետ նշանակվելը հայտարավել է, որ ես լինելու եմ քաղաքապետի թեկնածուն

XS
SM
MD
LG