Մատչելիության հղումներ

Շրջափակումը ցեղասպանությո՞ւն է. Արցախի նախագահը փորձագիտական կարծիք է խնդրել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազից


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ նամակի մեջ Հարությունյանը նախ հարցրել է. «Կարելի՞ է համարել, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից մեր ժողովրդի շրջափակումը և հատկապես 2023 թվականի հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղին ամեն տեսակի մարդասիրական օգնության մատակարարման արգելափակումը հանդիսանում է ցեղասպանության հանցագործություն»։

Արայիկ Հարությունյանը երկու այլ հարի վերաբերյալ է կարծիք հարցրել. «Արդյո՞ք Միջազգային քրեական դատարանը իրավասու է այդ հարցով զբաղվելու:

Ո՞վ կարող է անձամբ պատասխանատու լինել այդ հանցագործության համար»:

Արցախի նախագահը խնդրել է սա համարել որպես հրատապ խնդրանք՝ հաշվի առնելով մարդասիրական և անվտանգային վատթարացող իրավիճակը, կից ներկայացրել փաստաթղթեր։

Մինչ այդ Արցախում օր օրի սրվում է հումանիտար իրավիճակը։ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո՝ հունիսի 15-ից, Արցախ ընդհանրապես որևէ բեռ չի մտել: Դեռևս հայտնի չէ՝ ինչ ճակատագրի կարժանանա չորս օր առաջ Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությունը։ Այդ բեռնատարները դեռ Կոռնիձորում են, Ադրբեջանը թույլ չի տալիս դրանց մուտքը Արցախ։

XS
SM
MD
LG