Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հրաժարվել է Արցախի ներկայացուցիչների հետ վաղը նախատեսված հանդիպումից. Տիգրան Պետրոսյան


Արխիվ
Արխիվ

Արևմուտքի միջնորդությամբ Ստեփանակերտ-Բաքու արդեն երկրորդ հանդիպումն է ձախողվում։ Այն պետք է տեղի ունենար օգոստոսի 1-ին Բրատիսլավայում։ Այս տեղեկությունը հրապարակել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Ստեփանակերտից՝ նախագահի ու պետնախարարի գրասենյակներից չեն մեկնաբանում այս լուրը՝ ոչ հերքելով, ոչ հաստատելով։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական միության միջնորդությամբ ֆորմատը փոխվեց, և վաղը Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, սակայն երեկ չէ առաջին օրն Ադրբեջանը հրաժարվել է այդ հանդիպումից առանց պատճառաբանության»,- ասել է Պետրոսյանը։

Մինչ այդ հանդիպման մասին լուրը պաշտոնապես չեն հերքում կամ հաստատում, հայտնի է, որ սրանից առաջ ևս մի հանդիպում չի կայացել՝ հուլիսի սկզբին ՍոՖիայում, կրկին արևմտյան միջնորդությամբ, այս հանդիպման մասին տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել էր պաշտոնական աղբյուրը, նշելով, որ բանակցությունը չէր կայացել, քանի որ կողմերը համաձայնության չէին եկել դրա օրակարգի շուրջ։

«Ուրեմն, սկզբից ամսի 1-ին պետք է տեղի ունենար հանդիպում, նախնական Սոֆիայում հասարակական կազմակերպությունների միջև Արցախի և Ադրբեջանի, հետո Ռուսաստանն, այդ ամենն իմանալով խաղի մեջ մտավ, փորձեց առաջ անցնել, և ամսի 25-ին հանդիպում է կազմակերպել Լավրովը, որի ընթացքում նա մեզ կոչեց «ազգային փոքրամասնություն», որն անընդունելի էր, և որն իրոք ցույց տվեց Ռուսաստանի իշխանության այսօրվա քաղաքականությունը», - նկատեց Տիգրան Պետրոսյանը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ արևմտյան միջնորդները ժամանելու են Երևան՝ քննարկելու հավանաբար Արցախի ներկայացուցիչնների հետ հետագա հնարավոր բանակցություններին վերաբերող հարցեր։

Ե՛վ Երևանի, և՛ Բրատիսլավայի հանդիպման մասին տեղեկությունը ճշտելու համար «Ազատությունը» հարցում է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն։

Արևմուտքի միջնորդությամբ Ստեփանակերտ -Բաքու հանդիպման ծրագրերի մասին գրել են նաև այլ աղբյուրներ, ինչպես օրինակ՝ Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը և ադրբեջանցի հայտնի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը։ Ըստ Տիգրան Պետրոսյանի՝ Բաքուն զուգահեռ ճնշում է գործադրում, որ հանդիպումն իրականում կայանա Բաքվում կամ ադրբեջանական Եվլախ քաղաքում, ինչից Ստեփանակերտը հրաժարվում է։

«Բաքուն արդեն մի քանի անգամ է՝ փորձում է պարտադրել՝ Արցախից մարդ գնա Բաքու կամ Եվլախ, այպես կոչված, բանակցությունների։ Մենք բոլորս գիտենք՝ ինչ է այնտեղ կատարվելու, որ որևէ բանակցություն-երկխոսություն չի կարող գնալ։ Նրանք եթե պարտադրում են մեզ գնալ այնտեղ, ապա պատկերացնում եմ՝ ինչպիսի խոսակցություն է տեղի ունենալու», - նկատեց նա։

Արցախից հայտնում են՝ պատրաստ են բանակցությունների

Երևանն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, վերջին ասուլիսի ժամանակ վերահաստատել է վարչապետ Փաշինյանը՝ կրկնելով, որ բանակցություններին պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով: Հայաստանի վարչապետն ընդունել էր, որ մեխանիզմների մասին վերջնական պատկերացում էլ ձևավորված չէ, սակայն ըստ նրա՝ նաև պատկերացումների ձևավորմանը Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցություն ունենա։ Այս մոտեցմանը համաձայն են Ստեփանակերտում, ավելին՝ առանց միջազգային միջնորդության բանակցությունները անհնար են համարում։

«Գնալով իրավիճակն ավելի են վատթարացրել, շրջափակումն ավելի են խստացրել, հետո սադրանքներ են արել, մեր քաղաքացիներին են սպանել և այլն, և այս իրավիճակում մենք կրկին ասում ենք՝ ոչինչ, մենք պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք բանակցությունների, բայց այդ բանակցությունների օրակարգի խնդիր կա, և ձևաչափի խնդիր կա, որովհետև մենք տեսնում ենք, որ եթե քիչ թե շատ երաշխավորված ձևաչափ չեղավ, Ադրբեջանը պայմանավորվածությունները չի պահում», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականին» տված հարցազրույցում ասաց պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Ադրբեջանն ասում միայն Բաքու ու վերջ. Բեգլարյան

Անցած շաբաթ մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո Արտգործնախարարությունը «Ազատության» խնդրանքով պարզաբանեց՝ հավատարի՞մ են մնում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու գաղափարին, թե ոչ։ Նման հարց առաջացել էր Ստեփանակերտում, երբ Մոսկվայում Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե «Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»։

Արցախում մտահոգություն էր առաջացել, թե հնարավոր է՝ Երևանն իջեցնում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նշաձողը, հրաժարվում միջազգային մեխանիզմից, ինչը ԱԳՆ-ն հերքեց։

«Մենք տարբեր միջնորդների առաջարկները ընդունել ենք՝ և ռուսական կողմի, և ԵՄ, և ամերիկյան կողմի, և առանց չակերտները բացելու ասեմ, որ բոլոր դեպքերում, այդ թվում՝ վերջին շրջանում, մեր համաձայնությունից հետո Ադրբեջանը մերժել է, իրենք ասում են միայն Բաքու ու վերջ։ Արդյոք սա կառուցողական է չեզոք, օբյեկտիվ աչքի համար, կարծում եմ՝ բոլորը կընկալեն, որ ոչ», - նշեց Բեգլարյանը։

Վաղը նախատեսված, սակայն չեղակված Բաքու-Ստեփանակերտ հանդիպման մասին ադրբեջանական կողմը ևս պաշտոնական տեղեկատվություն չի տարածել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG