Այս շաբաթ տարածաշրջան կայցելի ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը խաղաղության գործընթացին, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
Առայժմ հայտնի չէ, թե Երևանում ի՞նչ հանդիպումներ են նախատեսվում և արդյո՞ք Բոնոն հանդիպելու է նաև Ստեփանակերտի ներկայացուցիչներին։
Արցախից տարածված ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան ու եվրոպական միջնորդությամբ այսօր Բրատիսլավայում պետք է կայանար հանդիպում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, սակայն ադրբեջանական կողմը առանց պատճառաբանության հրաժարվել է հանդիպումից։ Ստեփանակերտից միաժամանակ տեղեկացրել էին, թե այս շաբաթ օտարերկրյա պատվիրակություն է ժամանելու Երևան՝ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպման հարցերը քննարկելու համար։
«Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն երեկ չէ առաջին օրը Ադրբեջանը հրաժարվել է այդ հանդիպումից և այս երկու օրը՝ վաղը կամ մյուս օրը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան ու կլինեն որոշ քննարկումներ: Քննարկումները կավարտվեն երևի վաղը չէ մյուս օրը կամ մյուս օրը, ես կներկայացնեմ ինչ քննարկումներ են տեղի ունեցել», - նշեց Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
«Ազատությունը» Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը հարց էր ուղղել՝ չեղարկված հանդիպման մասին տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը և արդյո՞ք տարածաշրջան այցելող ամերիկյան պատվիրակությունը, հենց այն պատվիրակությունն է, որն ըստ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանի, Երևանում, հավանաբար, կքննարկի նաև Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպման հարցերը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը առանց հաստատելու կամ հերքելու վերոհիշյալ տեղեկատվությունը, պատասխանել է. - «Մենք հետևողականորեն փաստել ենք, որ խաղաղության հաստատումը տարածաշրջանում պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։ Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին։ Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լու Բոնոն՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին»։
Այսօր ավելի ուշ, ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանտանը, տեղեկացրեցին, որ Լուիս Բոնոն այս շաբաթ լինելու է նաև Բաքվում՝ նույն օրակարգով՝ խաղաղության գործընթացին ԱՄՆ աջակցությունը հայտնելու, ինչպես նաև քննարկելու կայուն ու արժանապատիվ խաղաղությանը հասնելու ճանապարհները։
«Ադրբեջանցիները բառացիորեն փորձում են սովի մատնել Ղարաբաղի հայերին, այդ կերպ ստիպելով նրանց հանձնվել». անանուն դիվանագետը փակագծեր է բացել
Արդյո՞ք ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյային կհաջողվի այս այցի ընթացքում մոտեցնել կողմերի դիրքորոշումները և ի վերջո իրականացնել Ստեփանակերտ - Բաքու երկխոսությունը, որն արդեն 2 անգամ ձախողվել է՝ անցած ամիս Բուլղարիայում, այս ամիս՝ Սլովակիայում։
Լրագրող Ջոշուա Կուչերան, որը միջազգային լրատվականներում լուսաբանում է Հարավային Կովկասի հիմնախնդիրները, «Ազատության» գլխավոր կայքէջում հրապարակած վերլուծության մեջ շեշտում է՝ «խորացող շրջափակման պայմաններում Բաքուն Ղարաբաղի հայերին մեկ ընտրության առաջ է կանգնեցրել՝ հանձնվել կամ սովի մատնվել»։
Լրագրողը մեջբերում է բանակցություններին մոտ կանգնած մի դիվանագետի, ով համաձայնել է բացել փակագծերը՝ անանուն մնալու պայմանով։
«Ադրբեջանցիները բառացիորեն փորձում են սովի մատնել Ղարաբաղի հայերին, այդ կերպ ստիպելով նրանց հանձնվել։ Օտարերկրացի դիվանագետները փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, բայց մինչև օրս, ցավոք, որևէ արդյունքի հասնել չի հաջողվել»։
«Առայժմ ճնշումները եղել են հիմնականում կոշտ մասնավոր խոսակցությունների և հայտարարությունների տեսքով, որոնց Ադրբեջանը պատասխանել է հանդուգ կերպով», - ասել է անանուն դիվանագետը, ընդգծելով, թե Ադրբեջանի հասցեին հրապարկայնորեն կոշտ հայտարարություններ անելուն զուգահեռ փորձ է արվում նաև հանդես գալ որպես անկողմնակալ միջնորդ, կողմերին ընդունելի լուծման բերելու համար։
«Բայց որևէ պահի Բաքուն կարող է շատ ավելի հեռուն գնալ, ես կարծում եմ այդ պահը շատ հեռու չէ», - լրագրողին փոխացնել է բանակցություններին մոտ կանգնած անանուն դիվանագետը, չհստակեցնելով, արդյո՞ք խոսքը Բաքվի կողմից հնարավոր ռազմական գործողությունների մասին է։