Մատչելիության հղումներ

«Արցախում խորացող շրջափակումը համապատասխանո՞ւմ է ցեղասպանության հանցագործությանը»․Օկամպոն զեկույց կհրապարակի


Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օկամպոն կվերլուծի և եզրակացություն կներկայացնի, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը, տեղեկացնում է Արցախի նախագահականը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր նամակով դիմել Օկամպոյին և խնդրել փորձագիտական կարծիք հայտնել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ։

«Կպատրաստեմ համապարփակ զեկույց՝ վերլուծելով փաստերն ու օրենքը։ Իմ գնահատականը կլինի անկողմնակալ և պրո-բոնո հիմունքներով», - ասել է Օկամպոն՝ շեշտելով՝ ցեղասպանության իրականացման վերաբերյալ եզրակացություն անելու համար պետք է վերլուծի Ադրբեջանի ղեկավարների մտադրությունները, որը կարելի է եզրակացնել՝ հիմնվելով փաստերից:

«Իմ ճշգրտությունն ու անաչառությունը պաշտպանելու համար ես կգրեմ Ադրբեջանի նախագահին՝ հնարավորություն տալով ուղղակիորեն ճշտել իր դիրքորոշումը», - Հարությունյանին պատասխանել է մասնագետը՝ շեշտելով՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ներառյալ 120.000 հայերի սովի վտանգը, նախատեսում է իր զեկույցը հրապարակել 7 օրից:

«Խնդրում ենք վերլուծություն անելու համար հաղորդել ցանկացած նոր հանգամանք, որը կարող է ազդել իրավիճակի վրա», - ասել է Լուիս Մորենո Օկամպոն։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է ավելի քան 7 ամիս․ անցած դեկտեմբերին էր, երբ իրենց բնապահպան անվանող ադրբեջանցի ակտիվիստները փակեցին Լաչինի միջանցքը՝ ներկայացնելով բնապահպանական պահանջներ ու արգելելով տեղաշարժը։ Դրանից 4 ամիս անց Բաքուն անցակետ տեղադրեց Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամրջի վրա՝ պարտադրելով արցախցիներին անցնել միայն անցակետով՝ միայն իր թույլտվությամբ։ Այս տարվա հունիսի 15-ին էլ ադրբեջանցիները փորձել էին իրենց դրոշը տեղադրել կամրջից դեպի Սյունիք հատվածում, հայկական կողմը կրակոցով կանխել էր այդ փորձը։ Այդ օրվանից ընդհանրապես ԼՂ-ն կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև՝ արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Ապաշրջափակման պահանջով Արցախում հանրահավաքներ են մեկնարկել։

XS
SM
MD
LG