Հայաստանի զինված ուժերը պատրաստ էին իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու, այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովում ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե պաշտոնի նշանակվելուց ի՞նչ վիճակում է ընդունել ՊՆ-ն և Զինված ուժերը, ինքանո՞վ էր բանակը պատրաստ հնարավոր պատերազմի ժամանակ դիմակայելուն։
Տոնոյանը, մասնավորապես, նշեց․ - «Ինձ վերաբերելի մասով ԶՈւ վիճակը գնահատվում էր բավարար։ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված և Արցախի Հանրապետության ժողովրդի անվտագության ապահովման առումով, իսկ այդ խնդիրը դրված էր նաև ԶՈՒ-ի վրա, ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստությունը, աշխարհագրությունը, և այն բնագծերը, որտեղ որ մեր ԶՈՒ-ն գտնվում էր։ Դա իմ գնահատականը չէ, դա հաշվարկված, փաստարկված տեղեկատվություն է»։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դիտարկմանը, թե բաց աղբյուրներում նշվում է, օրինակ, «Սմերչ» կայանքների հարաբերակցությունը, որոնք 6-ը ընդդեմ 40-ի էին և հարցին, թե տեխնիկական հագեցվածության առումով կրկին 1-2-ի կամ 3-ի է եղե՞լ հարաբերակցությունը նույնիսկ մինչև Թուրքիայի ակտիվորեն ներգրավվելը, Տոնոյանը պատասխանեց․ - «Ես պատասխանեցի վիճակի վերաբերյալ։ Կործանիչների կամ ԶՈՒ ռազմօդուժի առումով հարաբերակցությունը եղել է զրո Հայաստանի Հանրապետության կողմից։ Մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել»։
«Մեր կողմից հաշվարկ չի եղել, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45, 25 կմ հեռավորության վրա»
Պատերազմի օրերին ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի 3-րդ օրը ՀՀ ԱԽ նիստի ընթացքում զեկուցել է, որ Հայաստանի զինված ուժերը ունակ չեն կանգնեցնել թշնամու ագրեսիան և պնդել է, որ պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով։
Տոնոյանն այսօր ասաց, որ հիշում է՝ այդպիսի խոսակցություն եղել է ԱԽ-ում, խոսակցություններ եղել են նաև այլ ձևաչափերում։
«Դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես, դուր է եկել ինձ այդ զեկույցը, թե ոչ, բայց մենք պարտավոր էինք և՛ վարչապետին, և՛ ԱԽ-ին ներկայացնելու մեր մոտեցումը, քանի որ դրա պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներկայությունը, որ մեզ համար տեսանելի էր, երրորդ կողմը Թուրքիան է։ Այդ ներգրավումն իրականացվում էր ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե ՀՀ-ի սահմանի ուղղությամբ, այլ ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում։ Մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈՒ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ», - ասաց Տոնոյանը։