Մատչելիության հղումներ

Տոնոյանը որոշել է ներկայանալ քննիչ հանձնաժողով, հանդիպման ձևաչափը դեռ կորոշվի


Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն առաջիկա նիստերից մեկում կքննարկի և որոշում կկայացնի, թե ինչ ձևաչափով հանդիպում կազմակերպի պաշտպանության նախկին նախարար, այժմ «անպիտան հրթիռների» գործով կալանավորված Դավիթ Տոնոյանի հետ: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանը երեկ հայտարարել է, որ միջնորդություն է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի նիստին: Նախկին նախարարն ընդգծել է, որ որոշել է ներկայանալ և բացատրություններ տալ՝ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից և Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններից հետո, նաև՝ հաշվի առնելով հանրային պահանջը:

Տոնոյանը շեշտել է, որ որոշումը կայացրել է քննիչ հանձնաժողովի նպատակների և աշխատելաոճի հանդեպ ունեցած իր վերապահումներով հանդերձ, և որ իր վերապահումները հաստատվել են, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժել է Փաշինյանի և իր մասնակցությամբ բաց նիստ անցկացնելու առաջարկը:

ԱԺ պաշտպանության և քննիչ հանձնաժողովների անդամ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասում է՝ կարևոր է, որ պատերազմի ժամանակ Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Դավիթ Տոնոյանը գա հանձնաժողով, բայց այն երկու հոգու բանավեճի հարթակ չէ:

«Միանշանակ կարևոր է, քանի որ կան մի շարք հարցեր, որոնց նաև պարոն Տոնոյանը պիտի պատասխանի, չի կարող պաշտպանության նախարարի մասնակցությունը լույս չսփռել որոշ հանգամանքների վրա», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Ալեքսանյանը՝ շարունակելով. - «Բայց ինքը խոսում էր այն մասին, որ ինքն ու վարչապետը միասին լինեն հանձնաժողովում՝ նման ձևաչափ առհասարակ քննիչ հանձնաժողովում չի եղել, ու դա նպատակահարմար էլ չի որպես այդպիսին: Այդ մասով ես վերապահում ունեմ իր այդ առաջարկի հետ կապված, բայց այն մասով, որ որոշել է ամեն դեպքում մասնակցել, շատ ողջունում եմ»:

Պատգամավորը դժվարացավ ասել՝ հանդիպումը փա՞կ կանցկացվի, թե՞ բաց. - «Չեմ կարող ասել, կարծում եմ՝ դա ևս կքննարկենք հենց հանձնաժողովի նիստում, որտեղ որ քննարկելու ենք առհասարակ ձևաչափը»:

Խորհրդարանական ընդդիմությունը քննիչ հանձնաժողովի նիստերը բոյկոտում է ստեղծման օրից: Դավիթ Տոնոյանի մասնակցությունը ևս չի փոխի նրանց դիրքորոշումը: Այդ մասին ասացին թե՛ «Պատիվ ունեմ», թե՛ «Հայաստան» խմբակցությունները:

«Մեր որոշումը՝ բոյկոտելու, չմասնակցելու այսպես կոչված քննիչ հանձնաժողովի նիստին, կախված չէր որևէ անձի դիրքորոշումից: Մենք համոզված ենք, որ այս քննիչ հանձնաժողովը, որի ժամկետը լրանում է արդեն, չի կարող օբյեկտիվ, առարկայական, համապարփակ եզրակացություն տալ», - «Ազատությանն» ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի դիրքորոշմանը՝ Դավիթ Տոնոյանն այլ ձևաչափով առաջարկ էր արել Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերում բանավեճի ձևով պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին, բայց քանի որ ի սկզբանե հայտնի էր՝ քննիչ հանձնաժողովը ծառայելու էր լոկ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, բնականաբար դա մերժվեց», - նշեց Մանուկյանը:

Իսկ Տոնոյանը, որը բազմիցս հայտարարել է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում, ըստ դաշնակցական պատգամավորի, «առնվազն պետք է հույս չունենա, որ քննիչ հանձնաժողովն իր հետ առարկայական և մտահոգ քննարկում կունենա»:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG