Մատչելիության հղումներ

Հանձնաժողովի նիստին մասնակցելու պայմանը եղել է բաց և հրապարակային եղանակով բացատրություններ տալու հնարավորություն ունենալը. Տոնոյան


Շուրջ երկու տարի կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստերին փակ ձևաչափով մասնակցելու համաձայնություն չի տվել և ցանկանում է, որ իր խոսքը լինի հրապարակային։

Տոնոյանի պաշտպանները «ակնհայտ կեղծիք» են որակում իշխանականների պնդումը, թե նախկին նախարարը համաձայնել է փակ ֆորմատին։

«Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը, կարևորում է դրան ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը և չի բացառում բացի հրապարակային և լուսաբանվող ձևաչափից նաև փակ քննարկման հնարավորությունը և անհրաժեշտությունը», - հայտարարում է նախկին նախարարի պաշտպանական խումբը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն էր նախօրեին «Ազատությանն» ասել, թե օգոստոսի 1-ին և 2-ին Աժ-ում նախատեսված նիստերը փակ են լինելու, և Տոնոյանը դրան համաձայնություն է տվել։

Քննիչ հանձնաժողովի իշխանական յոթ անդամներից վեցը, այդ թվում հանձնաժողովի նախագահը, այսօր ողջ օրվա ընթացքում մեր զանգերին չպատասխանեցին։

Միակը, որ արձագանքեց, Վահագն Ալեքսանյանն էր, ով ասաց, թե տեղեկություն չունի՝ արդյո՞ք հանձնաժողովականները պատրաստ են նախկին նախարարի մասնակցությամբ բաց նիստ անցկացնել։

Լուռ են նաև այսօրվա հայտարարությունը տարածած Դավիթ Տոնոյանի փաստաբանները։ Պարզ չէ՝, եթե բաց նիստի առաջարկը մերժվի, ռազմական գերատեսչության նախկին ղեկավարը հաջորդ երեքշաբթի կգնա՞ խորհրդարան։

Քննիչ հանձնաժողովի նիստը բաց անցկացնելու պայման պաշտպանության նախկին նախարարը դեռ ամիսներ առաջ էր դրել, իշխանականներն էլ արձագանքել էին, որ պատրաստ են քննարկել բաց ֆորմատի առաջարկը։

44-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Դավիթ Տոնոյանը մեղադրվում է «անպիտան հրթիռների» գործով, և 2021-ի սեպտեմբերից կալանավորված է։ Դատավարությունը, ռազմական գաղտնիք պարունակելու հիմքով, փակ է ընթանում։

Օրերս հակակոռուպցիոն դատարանը, բավարարելով նախկին նախարարի միջնորդությունը, նրան թույլատրել էր մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։ Տոնոյանն ընդգծել էր, որ որոշել է ներկայանալ և բացատրություններ տալ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններից հետո՝ հաշվի առնելով նաև հանրային պահանջը:

«Վարչապետի հրապարակային նիստից հետո ինքս ցանկանում եմ մասնակցել հանձնաժողովի նիստին, քանի որ տեղի ունեցողը սահմանադրական գործընթաց է, և քննարկվում է իմ` որպես նախկին պաշտպանության նախարարի, գործունեությանը վերաբերվող հարցեր, նաև երկրի և պետության համար կարևորագույն և ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ ես, ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ, շատ ասելիք ունեմ հանձնաժողովին», - հայտարարել էր Տոնոյանը։

Առայժմ հստակ է մեկ բան. քննիչ հանձնաժողովի աշխատանքը ի սկզբանե բոյոկտող խորհրդարանական ընդդիմությունը, անկախ ֆորմատից, չի մասնակցելու նաև օգոստոսի 1-ին և 2-ին նախատեսված նիստերին, պնդում է «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը. - «Շոու է։ Բայց դա չի խանգարում, որ հրապարակային մի քանի հատուկենտ հարցեր ուղղվեն Դավիթ Տոնոյանին։ Եթե ցանկանում է, թող պատասխանի։ Բայց սկզբունքային հարց կա՝ պատասխանի անկեղծ, պատասխանի ճշմարիտ, որպեսզի հասկանալի դառնա, թե Նիկոլ Փաշինյանը ինչպես է տապալել ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարումը Հայաստանում և Արցախում»։

Քննիչ հանձնաժողովի մինչ այս անցկացված բոլոր նիստերը, բացի երկուսից, որոնց անցած ամիս մասնակցում էր վարչապետը, փակ են եղել։

XS
SM
MD
LG