Ստեփանակերտը կրկին հայտարարում է՝ պատրաստ է Բաքվի հետ երկխոսության, բանակցությունների միևնույն ժամանակ շեշտելով՝ այդ բանակցությունների օրակարգի ու ձևաչափի խնդիր կա։
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն «Ազատության» հետ զրույցում նկատում է՝ եթե քիչ թե շատ երաշխավորված ձևաչափ չլինի, Ադրբեջանը պայմանավորվածությունները չի պահպանի՝ ընդգծելով՝ Ադրբեջանի օրակարգը միշտ եղել է բռնի հպատակեցումը, նույնիսկ պայմանավորվածությունները հումանիտար հարցերի շուրջ որևէ ձևով չեն պահվում, հակառակը՝ գնալով իրավիճակն ավելի են վատթարացնում
«Եթե քիչ թե շատ երաշխավորված ձևաչափ չեղավ, Ադրբեջանը պայմանավորվածությունները չի պահպանում, հակառակը՝ օգտագործում է այդ բանակցությունները, որպեսզի ցույց տա, որ «տեսեք, մեր քաղաքացիները գալիս և հպատակվում են մեզ», այնինչ իրականությունն այն, որ մենք ասում ենք՝ «եկեք, նստենք քննարկենք, ինչ սկզբունքային հարցեր ունենք, գոնե հումանիտար հրատապ խնդիրները լուծենք, փոխադարձ վստահություն որոշակի ձևավորենք, բարենպաստ միջավայրում ավելի երկարաժամկետ խնդիրները քննարկենք», իսկ իրենք ասում են՝ «մենք երկարաժամկետ խնդիր չունենք՝ դուք կամ հպատակվում եք մեզ, կամ մենք ձեզ մինչև վերջ ինչ ասես անում ենք՝ սպանում ենք, կոտորում ենք, ջարդում ենք, փշրում ենք, առևանգում ենք և այլն»։ Սա է իրենց օրակարգը, այլ օրակարգ չկա», - ասաց պետնախարարի խորհրդականը։
Բեգլայնանը ևս մեկ անգամ ընդգծում է՝ Ստեփանակերտը միշտ բաց է եղել հանդիպումների համար, բանակցությունների համար, այդ թվում՝ ընդունել է տարբեր միջնորդների՝ և՛ ռուսական, և՛ եվրամիության, և' ամերիկյան կողմի առաջարկները։
«Ասեմ, առանց չակերտներ բացելու, բոլոր դեպքերում, այդ թվում՝ վերջին շրջանում մեր համաձայնությունից հետո, Ադրբեջանը մերժել է, իրենք ասում են՝ միայն Բաքու և վերջ։ Արդյո՞ք սա կառուցողական է չեզոք, օբյեկտիվ աչքի համար, կարծում եմ, որ բոլորը կընկալեն, որ՝ ոչ», - եզրափակեց Բեգլարյանը։
Բեգլարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․