Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի տեսլականը հավասարակշռված չէ. ԱԳՆ


Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ, հայտարարում է Արցախի ԱԳՆ-ն։

«Պնդումը, թե անհրաժեշտ է վարել երկխոսություն՝ համաձայնեցնելու միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին կոնվենցիաներից բխող իրավունքները, արտացոլում է միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի տեսակետը։ Նման մոտեցումը կանխորոշում է հնարավոր երկխոսության արդյունքը և դրանով իսկ խաթարում և արժեզրկում է դրա իմաստը», - նշված է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Պնդումը, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման խնդիր է, կեղծ խոսույթ է, որն առաջ է քաշվում Ադրբեջանի կողմից, հավելում է Ստեփանակերտը։ Հիշեցնելով, որ Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները, Արցախից հայտարարում են, որ ցանկացած պնդում, թե Ադրբեջանը հոժար կամքով կպահպանի ինչ-որ մեխանիզմներ, ամբողջությամբ հիմնազուրկ է:

Հայկական կողմում առկա է այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ շուտափույթ կերպով հանդիպումներ անցկացնել ադրբեջանական ներկայացուցիչների հետ՝ այն իրավունքների համաձայնեցման նպատակով, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից, միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի կողմից ստանձնած)՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ միջազգային կոնվենցիաները, մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքները մեկնաբանելով՝ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարի հետագա խոսքից ստացվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը բանակցությունների ընթացքում ուղղակիորեն շաղկապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։



Պաշտոնական Ստեփանակերտը խստորեն հորդորում է միջազգային դերակատարներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջնորդվել բացառապես միջազգային իրավունքի սկզբունքներով և «մարդկանց շահերով, ովքեր արդեն շուրջ 8 ամիս է գտնվում են հումանիտար աղետի եզրին և էթնիկ զտումների աճող սպառնալիքի տակ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG