Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ գրեթե երեք ժամ տևած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը կարևոր համարեց Աղդամով հումանիտար մատարակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը, միաժամանակ շեշտեց, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։
Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով «օգնություն ցուցաբերելու» հնարավորությունը։
«Ես շեշտել եմ, որ անհրաժեշտ է բացել Լաչինի ճանապարհը, նաև ընդգծել եմ Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում և կոչ եմ անում երկու կողմին էլ իրականացնել հումանիտար մատակարարումներ, որպեսզի տեղի բնակչության կարիքները բավարարվեն», - ասաց Միշելը՝ նաև ողջունելով միջազգային Կարմիր Խաչի կողմից բժշկական տարհանումների վերսկսումը։
Անկեղծ ու բովանդակային գնահատելով Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների բանակցությունները՝ Եվրոպական խորհրդի նախագահն ասաց, որ անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը։
«Տեղի բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների ու անվտանգության վերաբերյալ։ Այս համատեքստում ես արտահայտել եմ Եվրամիության աջակցությունը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար շրջանի և Բաքվի ուղիղ երկխոսությանը։ Այս երկխոսությունը պետք է ապահովի բոլոր կողմերի համար այդքան անհրաժեշտ վստահությունը», - ընդգծեց Միշելը:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց, թե այժմ դրանց ամենավճռական փուլն է. - «Ես գովաբանում եմ առաջնորդներին խաղաղության գործընթացի նկատմամբ իրենց հստակ հանձառության համար և կոչ եմ անում նրանց ձեռնարկել հաջորդ խիզախ քայլերը՝ ապահովելու կարգավորման ճանապարհին վճռական ու անշրջելի առաջընթաց»։
Խոստովանելով, որ այս հանդիպումը կայացավ տեղում աճող լարվածության ֆոնին, Միշելը կարևորեց քաղաքական քննարկումները՝ տեղեկացնելով, որ այս անգամ ևս վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիևը վերահաստատել հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ։
«Հետևաբար՝ Հայաստանի տարածքը կազմում է 29 800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86 600։ Երկու առաջնորդներն էլ հաստատեցին իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որն ընդունում են որպես սահմանազատման համար քաղաքական հիմք։ Այս առիթով մենք ողջունում են երկու երկրների սահմանային հանձնաժողովների հուլիսի 12-ի հանդիպումը։ Այս հանձնաժողովների կանոնադրության և դելիմիտացիայի հիմքերի շուրջ աշխատանքն առաջ է գնացել։ Եվ դա շատ կարևոր է, ղեկավարները համաձայնեցին արագացնել հանձնաժողովների աշխատանքը», - ասաց ԵՄ խորհրդի նախագահը:
Եվրոպացի ղեկավար պաշտոնյայի փոխանցմամբ՝ կողմերը նաև հստակ առաջընթաց են գրանցել հաղորդակցության վերականգնման շուրջ. - «Վերջին երկու ամսվա նրանց քննարկումների նպատակը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումն էր։ Մենք այսօր քննարկել ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերի տեխնիկական դետալները, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները։ Երկաթուղու շինարարությունը պետք է անհապաղ առաջ գնա, Եվրամիությունը պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել։ Որոշ դետալներ դեռ հստակեցման կարիք ունեն, բայց այս հարցում դիրքորոշումներն ավելի են մոտեցել և ակտիվորեն տարբերակներ են քննարկվել»։
Ինչպես Փաշինյան-Ալիև նախորդ բանակցություններից հետո, այս անգամ ևս Շառլ Միշելը խոսեց ձերբակալվածների մասին։ Թեև մայիսին կայացած հանդիպումից հետո նա հույս էր հայտնել, որ առաջիկայում փոխանակում կլինի, սակայն այն մինչև այս պահը չի եղել։
«Առաջնորդները վերահաստատեցին ջենտլմենական ընկալումը, որ այն զինվորները, որոնք պատահաբար են հատել սահմանը, նրանց հարցը պետք է լուծվի։ Ես հորդորեցի, որ երկու կողմում ձերբակալվածներն ազատ արձակվեն։ Քննարկվել է նաև անհետ կորածների ճակատագրի հարցը և այդ նպատակով համագործակցության ապահովման կարևորությունը, և ես ևս մեկ անգամ ասել եմ, որ հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակվի», - նշեց Եվրոպական խորհրդի նախագահը:
Շարլ Միշելը նաև ընդգծեց, որ իրական առաջընթացի համար նախ և առաջ պետք է վերջ տրվի բռնություններին ու կոշտ հռետորաբանությանը, որպեսզի խաղաղության և կարգավորման բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծվի։
Տեղեկացրեց, որ նպատակ ունի ամռանից հետո Փաշինյանին ու Ալիևին ևս մեկ հանդիպման հրավիրել, նրանք ևս մեկ հանդիպում էլ կունենան Եվրոպական քաղաքական հաջորդ գագաթնաժողովի շրջանակում՝ այդ անգամ Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ։