«Բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտին Աղդամով օգնություն տրամադրելու հարց չեմ քննարկել», - այսօր ասուլիս ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ ինքն այդ մանդատը չունի։
«Ո՛չ, ես նման հարց չեմ քննարկել և չեմ կարծում, որ նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ։ Իսկ Լաչինի միջանցքի հետ կապված հարցը քննարկելու մանդատ ունեմ, որովհետև Լաչինի միջանցքը ստեղծվել է եռակողմ հայտարարությամբ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, որի ստորագրողներից մեկը ես եմ։ Այդ հարթակներում քննարկում ենք միայն Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լաչինի միջանցքի բացման հետ կապված հարցեր, այլ հարցեր ես չեմ քննարկում», - ասաց Փաշինյանը։
Հուլիսի 15-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ գրեթե երեք ժամ տևած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևոր համարեց Աղդամով հումանիտար մատարակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը, միաժամանակ շեշտեց, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։
Հարցին, թե Շառլ Միշելի հայտարարության այդ կետն անակնկա՞լ էր իր համար, Փաշինյանը պատասխանեց․ - «Անակնկալ չէր, բայց ես նման հարց չեմ քննարկել։ Չեմ քննարկել, որովհետև ասել եմ, որ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ էլ մանդատ ունեմ։ Ես ունեմ քննարկելու հարց կապված Լաչինի միջանցքի հետ, որովհետև Լաչինի միջանցքը ստեղծվել է, այդ թվում՝ իմ ստորագրությամբ և մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի որոշում, Լաչինի միջանցքով բեռների, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթևեկությունն ապահովելու վերաբերյալ»։
«ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա»
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը Լաչինի հարցով չի դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Փաշինյանը պատասխանեց՝ ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա։
Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ կապի մեջ են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ և ոչ մշտական անդամ հանդիսացող երկրների հետ, քննարկումների փուլում են։
«Խնդիրն այն է, թե դիմելու արդյունքում որոշում կընդունվի՞, թե՞ չի ընդունվի և եթե ընդունվի, ի՞նչ որոշում կընդունվի։ Չմոռանանք, որ դա քաղաքական մարմին է և մանավանդ նման հարցով Անվտանգության խորհուրդ դիմելու քայլը պետք է բավարար չափով պատրաստված լինի, քննարկված լինի անդամ երկրների հետ, ինչը մենք անում ենք»,- ասաց վարչապետը։
«ՀՀ-ն ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել»
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, ասուլիսին ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների, խոսակցության կողմ և Երևանը հենց այդ օրակարգն է առաջ մղում։
«ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով, միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Եվ կարծում եմ, որ ԼՂ ներկայացուցիչները՝ ժողովուրդը, ներկայացուցիչները, կառավարությունը այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող բոլոր հարցերը, և ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև, որ շատ կարևոր է՝ կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը։ Եվ ես կարծում եմ, որ դա է ճիշտ ճանապարհը», - ասաց գործադիրի ղեկավարը։
Վարչապետը մտածելու հարց համարեց, թե արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին, այսինքն՝ համապարփակ լուծում, թե, այնուամենայնիվ, ԼՂ ժողովրդի անվտանգության ու իրավունքների հետ կապված հարցերը պետք է առաջ ընթանան և հասցեագրվեն այլ տամաբանությամբ։
«Այս հարցում մենք որոշում չունենք, և սա չի նշանակում, որ դիրքորոշում չունենք»,-հայտարարեց Փաշինյանը։
«Ես երբեք չեմ լսել ուղերձ, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության մասին»
Բանակցային սեղանի շուջ ես երբեք չեմ լսել ուղերձ, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության մասին, ասաց Փաշինյանը՝ նկատելով՝ մյուս կողմից, Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի բխում, կամ չի երևում նման պատրաստակամություն։
Փաշինյանի համար հասկանալի չեն նաև դիրքորոշումները, որոնք հնչում են Լեռնային Ղարաբաղից, որոնք բացառում են այդ թեմայով քննարկումները, բանակցությունները Ադրբեջանի հետ։
«Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ ԼՂ-ից, դա առնվազն նշանակում է՝ Լեռնային Ղարաբաղում վտանգ այլևս չկա»
Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների գործունեությանը ՝ Փաշինյանը նշեց՝ եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, դա նշանակում է, որ «օրինակ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում գտնվել է արդյունավետ»:
Արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի տեղակայումն ունի նպատակ և այդ նպատակն արձանագրված է Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ, ըստ որի, Դաշնային ժողովը Ռուսաստանի նախագահին թույլ է տալիս խաղաղապահ զորախումբ գործուղել Լեռնային Ղարաբաղ՝ Լեռնային Ղարաբաղում բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար՝ Փաշինյանը նկատեց՝ հիմա եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի դուրս գալ, անկախ նրբություններից, դա առնվազն նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում նման վտանգ այլևս չկա։
«Որովհետև, եթե Լեռնային Ղարաբաղում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման որոշում կայացվել: Եթե չկա նման վտանգ, դա նշանակում է, որ օրինակ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում գտնվել է արդյունավետ, և կողմերն արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայություն այլևս չկա», - ասաց վարչապետը:
«Ես 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի վարչապետն եմ»
Եթե արգելեն Հայաստանին, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչի, դա նշանկում է նույն որոշմամբ՝ հայաստանյան, Ադրբեջանին արգելել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարեց Փաշինյանն՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու շուրջ քննադատություններին։
«Ես դրա համար եմ ասում՝ առանձին մոլորակի վրա չենք ապրում։ Նրանք, ովքեր ասում են, որ մենք պետք է արգելենք ՀՀ կառավարությանը՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է արգելել դե ֆակտո՝ փաստացի կամ արգելել Ադրբեջանի կառավարությանը՝ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կամ, եթե մի քիչ այլ կերպ ձևակերպենք, հնարավորություն տալ Ադրբեջանին՝ չճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, կամ նպաստել Ադրբեջանի ՀՀ տարածքային ամբողջականությունը չճանաչելու քաղաքականությանը», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով․ - «Ես 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի վարչապետն եմ»։
Բրյուսելում մայիսի 14-ին չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ ընդգծելով երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։
«Երևանը ԼՂ բնակչությանը ՀՀ-ում վերաբնակեցնելու հարց չի քննարկում»
Երևանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Հայաստանում վերաբնակեցնելու հարց չի քննարկում, հայտարարեց գործադիրի ղեկավարը՝ նշելով՝ Հայաստանը քննարկում է ԼՂ հայության սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը։
«ՀՀ-ն ԼՂ-ի հարցում վարել է ֆեյք քաղաքականություն»
Փաշինյանը քննադատեց Հայաստանի նախկին կառավարության գործողությունները Արցախի հարցում՝ շեշտելով՝ Հայաստանը, Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցում վարել է ֆեյք քաղաքականություն։
«Այն նպատակները, որոնք հայտարարված են եղել, էդ նպատակները հենց առաջին օրից եղել են անհասանելի և անիրագործելի։ Առաջին օր որպես ֆիքսենք հենց Լիսաբոնի գագաթաժողովը», - ասաց վարչապետը՝ նշելով․ - «Ժողովուրդը խմել է խաղաղության կենացը, չենք հասկացել, չենք ընկալել։ Դրան մենք ավելացրել են բանակի կենացը, բայց հետևից չենք գնացել՝ տեսնելու, թե դրա տակ ինչ կա»։
«Չեմ ցանկանում նման սցենար քննարկել»
Հարցին, եթե Արցախում ռազմական գործողություններ սկսվեն, ի՞նչ կանի Հայաստանը, գործադիրի ղեկավարը պատասխանեց՝ չի ցանկանում նման սցենար քննարկել՝ շեշտելով՝ իր կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսեն։ «Եվ իմ ասելիքի հիմնական ուղերձը դա էր այսօր»,- ասաց Փաշինյանը։
Մեկ այլ հարցի, թե խաղաղության պայմանագիրը խաղաղություն կապահովի՞, վարչապետը պատասխանեց՝ միջազգային որոշակի երաշխիքների և ներգրավվածության ու աջակցության առկայությունը շատ կարևոր է, որպեսզի առաջադրված նպատակներն ու խնդիրները լուծվեն։
«Մեր ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ստորագրենք այնպիսի խաղաղության պայմանագիր, որը խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր կունենա։ Հակառակ դեպքում, մենք վաղուց ստորագրել էինք այդ խաղաղության պայմանագիրը՝ առանց նրբությունների մեջ խորանալու», - ասաց Փաշինյանը։
«Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումներում ներդաշնակեցման միտումներ են տեղի ունենում»
Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումներում, մեր ընթացիկ իրավիճակի հետ կապված, մենք տեսնում ենք, որ ներդաշնակեցման միտումներ են տեղի ունենում, ասաց Փաշինյանը՝ չմանրամասնելով, թե խոսքը հատկապես ինչի մասին։
Վարչապետը միայն ասաց, որ դա հողի վրա արտահայտվելու համար որոշակի պրոցեսներ պետք է անցնի։
Բանակցություններում՝ Արևմուտքի ու Ռուսաստանի դերը
Ինչ վերաբերում է բանակցություններում Արևմուտքի ու Ռուսաստանի դերին, գործադիրի ղեկավարը բարձր գնահատեց ԱՄՆ ջանքերը։
«ԱՄՆ-ն իրոք շատ լուրջ ջանքեր է գործադրում՝ խաղաղության պայմանագիրը հնարավոր դարձնելու համար», - ասաց վարչապետը՝ չկիսելով մտավախությունը, թե ԱՄՆ դերը բանակցություններում նվազում է։
Միևնույն ժամանակ Փաշինյանը շեշտեց՝ Ռուսաստանի բանակցային ակտիվությունը որոշակի նվազել է՝ դա կապելով Ուկրաինայի իրադարձությունների հետ։
«Ամբողջ ժամանակն ու էներգիան, որ այլ պայմաններում կներդնեին, հիմա չեն ներդնի», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Եթե, օրինակ, հաշվենք վերջին տարիներին ավելի շատ որտեղ եմ հանդիպումներ ունեցել, կամ որ հարթակներում ենք բանակցել, միանշանակ արևմտյան հարթակները կգերակշռեն, բայց նրանից չի, որ մենք ուզեցել ենք, որ Ռուսաստանը դուրս մղվի, կամ Արևմուտքը դուրս մղվի, այլ օբյեկտիվ հանգամանքների պատճառով․ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով ՌԴ բանակցային նախաձեռնողականությունը և ակտիվությունը որոշակի նվազում է, բայց մեզ պետք է բանակցություն, մենք ուզում ենք արդյունք արձանագրել», - ասաց Փաշինյանը։
«Ադրբեջանը փորձ է անում մեր եղբայրներին [գերիներին] օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք»
Թե ինչո՞ւ պատերազմից երկու տարի անց գերիների հարցը լուծված չէ, վարչապետը պատասխանեց․ - «Շատ պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանը փորձ է անում այդ մարդկանց՝ մեր եղբայրներին, օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք, ընդ որում ոչ թե կոնկրետության մեջ, այլ Հայաստանի վրա ճնշման գործիք»։
Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում 33 հայ ռազմագերի կա, նրանցից 26-ը Խծաբերդի պահեստազորայիններն են։ Ադրբեջանում հայ ռազմագերիները մեղադրվում են տարբեր հոդվածներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև զինված խմբավորում կազմելու համար։ Ադրբեջանը հրաժարվում է նրանց արտահանձնել՝ պնդելով, թե նրանք հանցագործներ են։ Բաքուն միաժամանակ Երևանից պահանջում է վերադարձնել ամիսներ առաջ Հայաստանի սահմանը հատած իր երկու զինծառայողներին, որոնցից մեկը սպանության համար Հայաստանում դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման, նա ընդունել է մեղքը։ Ադրբեջանի, սակայն պնդում է, թե զինվորները մոլորվել են անբարենպաստ եղանակի պատճառով, իսկ հայկական կողմը նրանց գերի է վերցրել։ Փաշինյանը խորհրդարանում ասել էր, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանցին զորամասից փախել է ճնշումների պատճառով։
«Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման Լեռնային Ղարաբաղի հայության թեմայի հետ համարժեք չէ»
«Ազատության» հարցին, թե քննարկվել է արդյոք նաև այսպես ասած՝ «արևմտյան ադրբեջանցիների» Հայաստան վերադառնալու հարցը, ո՞րն է եղել իր դիրքորոշումը, վարչապետը պատասխանեց, որ երբ խոսվել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման հարցը, և որ դա պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ճանապարհով, Ադրբեջանն, իր հերթին, բարձրացնում է հետևյալ հարցը. «Որ այդ դեպքում ուրեմն Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է հասցեագրվի, ինչին մեր արձագանքն է, որ ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման Լեռնային Ղարաբաղի հայության թեմայի հետ համարժեք չէ, եթե կա այդպիսի թեմա, այլ համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Գանջայից, Նախիջևանից հայերի իրավունքների և անվտանգության թեմային»։
Մյուս հարցին, թե ինչու են եվրոպացի պաշտոնյաները իրենց հայտարարություններում նշում Աղդամի ճանապարհի հարցը, եթե ինքը՝ Փաշինյանը հայտարարում է, որ բրյուսելյան բանակցություններում այդ հարցը չի քննարկվել, և ինչո՞ւ պաշտոնական Երևանը չանդրադարձավ այդ հայտարարություններին, ի՞նչ է արվում այդ հարցը չեզոքացնելու համար, վարչապետ Փաշինյանն արձագանքեց. - «Ես ասել եմ, որ մենք նման հարց մեր օրակարգում չունենք և չենք քննարկել, մենք նման հարց քննարկելու մանդատ չունենք, որովհետև արձագանքն էլ ինքնին նշանակում է այդ հարցը քննարկել։ Մենք կարող ենք քննարկել այն հարցը, որի քննարկումը վերաբերում է մեզ»։