«Երևանում հասկանում եմ, որ անհրաժեշտ է համոզել Ղարաբաղի հայերին՝ բանակցությունների սեղանի շուրջ նստել Բաքվի հետ», - երեքշաբթի երեկոյան, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների ավարտին հայտարարում էր ռուսաստանյան դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Հայկական կողմում առկա է այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ շուտափույթ կերպով հանդիպումներ անցկացնել ադրբեջանական ներկայացուցիչների հետ՝ այն իրավունքների համաձայնեցման նպատակով, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից, միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի կողմից ստանձնած)՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ միջազգային կոնվենցիաները», - հայտարարում էր Լավրովը։
Ռուսաստանի ԱԳ նախարարի հետագա խոսքից, սակայն, ստացվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը բանակցությունների ընթացքում ուղղակիորեն շաղկապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։
«Ադրբեջանական կողմը, փոխադարձության սկզբունքից ելնելով, պատրաստ է նույնանման երաշխիքներ տրամադրել իր տարածքում ապրող մարդկանց։ Հայերն այդ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով պատրաստ են նույնն անել այն մարդկանց պարագայում, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարում էր Լավրովը։
Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը նաև ընդգծում էր, որ կողմերը հասկանում են՝ Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը պետք է ուղղակիորեն կապված լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հետ։
«Ամենազգայուն հարցը նախկինում եղել է և հիմա էլ մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման կոնտեքստում։ Այն ամբողջությամբ պետք է համապատասխանի 1991 թվականին Ալմա-Աթայում, նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրի դրույթներին», - հայտարարում էր Լավրովը, ընդգծելով, որ այդ հռչակագրի վավերականությունը երեկ կայացած բանակցությունների ընթացքում հաստատել են թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը և որ «խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը կառուցվում է հենց դրան համապատասխան»։
Լեռնային Ղարաբաղի շրջափակման թեման չի շրջանցվել
Ավելի քան երեք ժամ շարունակված եռակողմ բանակցությունների ընթացքում, ըստ Լավրովի, կողմերը չեն շրջանցել նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակման թեման։
«Մենք մեր զրուցակիցներին ներկայացրեցինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից ներկայացված զեկույցները։ Ներկայացրեցինք նաև գնահատականներն այն քայլերի մասին, որոնք շատ ցանկալի է, որ ձեռնարկվեն որքան հնարավոր է արագորեն, առանց հապաղման, որպեսզի Ղարաբաղի բնակչությունն ապահովվի սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով, վերականգնվի էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարումը։ Այս ամենը բխում է հասարակ մարդկանց, հասարակ հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից», - հայտարարում էր Լավրովը՝ ընդգծելով, որ առկա ճգնաժամը պետք է հանգուցալուծվի այն եռակողմ հայտարարությունների հիման վրա, որոնք ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները 2020, 2021 և 2022 թվականներին։
Մինչև տարեվերջ կարող է կայանալ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ևս մեկ եռակողմ հանդիպում
Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ երեկվա բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև սահմանների դելիմիտացիայի և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերագործարկման հարցերը։
Սերգեյ Լավրովը չբացառեց նաև, որ մինչև տարեվերջ կարող է կայանալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ևս մեկ եռակողմ հանդիպում։
Ուշագրավ է, ի դեպ,,որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երեկ խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններում Ռուսաստանից բացի այլ միջնորդների ներգրավման մասին՝ փոքր-ինչ մեղմացնելով քննադատական տոնայնությունը։
«Ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանն այլև մյուսներին որպես միջնորդ օգտագործելու թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի շահը մենք հասկանում ենք։ Ողջունում ենք այն ուժերի ցանկությունը, որոնք անկեղծորեն շահագրգռված են օգնելու, որպեսզի Բաքուն և Երևանը պայմանավորվածությունների հանգեն, որոնք, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Դրա հետ մեկտեղ, պետք է բացառել այն դեպքերը, երբ փորձ է արվում պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրել՝ ելնելով ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից, այլ հանուն լրատվամիջոցներում գեղեցիկ վերնագրերի, աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական նկատառումներից ելնելով», - հայտարարում էր Ռուսաստանի արտգործնախարարը։