Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածքների մասին չեն. ԱԽ քարտուղար


Եթե բանակցություններում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության ու իրավունքների առումով առաջընթաց գրանցվի, ապա տարածքային խնդիր չի առաջանա, նման խնդիր չի էլ եղել, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում վստահեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ Հայաստանը նաև գործնականում է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Նախօրեին Ադրբեջանի նախագահը շեշտել էր, թե բանավոր հայտարարությունից հետո Հայաստանն այժմ պետք է գրավոր հաստատի ու ստորագրի, որ ճանաչում է Արցախն ու անկլավները Ադրբեջանի կազմում։

«Կոնցեպտը, որի շուրջ մենք երկար ժամանակ է բանակցում ենք, այսինքն, Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածքների մասին չեն, մարդկանց մասին են և մարդկանց իրավունքների ու անվտանգության մասին են: Այս առումով Հայաստանը, բնականաբար, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, գործնականում էլ է դա այդպիսին, ու միակ քննարկումը, որ մենք ցանկանում ենք տեղի ունենա, դա Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումներն են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ: Եվ այս առումով կարծում եմ, որ եթե առաջընթաց գրանցվի, որևէ տարածքային խնդիր չի եղել, չկա և չի էլ լինի», - ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

«Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցություններին նաև միջազգային հանրությունը պետք է ներկա լինի»

Արմեն Գրիգորյանը նշել է, թե իր համոզմամբ՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգային մեխանիզմ ստեղծելու հնարավորություն կա, պարզապես միջազգային հանրությունը, Ստեփանակերտն ու Բաքուն ավելի շատ ջանք պետք է գործադրեն այս ուղղությամբ։ Շեշտելով, որ առանց միջազգային հանրության ներգրավվածության դժվար է պատկերացնել հակամարտության կարգավորումը, Անվտանգության խորհրդի քարտուղարը մանրամասնել է, թե որոնք են միջազգային մեխանիզմի մասին պաշտոնական Երևանի պատկերացումները։

«Առաջնահերթը միջազգային մեխանիզմ ասելով մենք պատկերացնում ենք բանակցություններ, որոնք տեղի են ունենում Ստեփանակերտի ու Բաքվի միջև, որտեղ նաև միջազգային հանրությունն է ներկա: Միջազգային հանրության ներկայությունն այդտեղ կարծում ենք, որ արդեն նախնական մեխանիզմի տրամաբանությունն է, բայց Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը հենց այդ սեղանի շուրջ պետք է քննարկվեն: Ի դեպ, Լաչինի միջանցքում ու Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայությունն այս առումով, կարծում եմ, նաև շատ արդյունավետ կլինի որովհետև անվտանգությունն ու իրավունքների երաշխիքների ստեղծումը առանց միջազգային ներկայության շատ դժվար կլինի», - ընդգծել է նա:

«Հայաստանն աշխատում է, որ սահմանազատման համար 1975 թվականի քարտեզը օգտագործվի»

Միջազգային մեխանիզմ ստեղծելու Երևանի պատկերացումներին Բաքուն դեռևս համաձայնություն չի տվել, բանակցությունները այս ուղղությամբ շարունակվում են։ Շարունակում է չլուծված մնալ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հստակեցման հարցը։ Գրիգորյանը վստահեցրել է՝ պաշտոնական Երևանը շարունակելու է աշխատել այն ուղղությամբ, որ սահմանազատման համար հենց 1975 թվականի քարտեզը օգտագործվի։

«Կարևոր առաջնային խնդիրներից մեկը՝ հստակեցնել սահմանը 1975 թվի Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա, մենք պատրաստ ենք այս տարբերակով առաջ շարժվել: Վերջնական համաձայնություն չկա, բայց շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, որ հենց 1975 թվի քարտեզն օգտագործվի», - նշել է Գրիգորյանը:

Փաշինյան- Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա. Արմեն Գրիգորյան

Առաջիկա օրերին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Թեև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունները նախատեսված էին հուլիսի 21-ին, սակայն Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրեց, որ Փաշինյան - Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա։

Կառավարությունից առայժմ հանդիպման ստույգ օրը չեն հայտնում՝ խոստանալով հավելյալ տեղեկացնել այդ մասին։

Ինքնորոշման իրավունքը նույնպես մարդու իրավունքներից է. Արցախից հակադարձում են Գրիգորյանին

Մինչ Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, թե Բաքու - Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումն ու Ղարաբաղի հայերի իրավունքների քննարկումը տարածքային խնդիրներ առաջ չի բերի, Ստեփանակերտից հակադարձում են՝ ինքնորոշման իրավունքը նույնպես մարդու անքակտելի իրավունքներից է, իսկ ինքնորոշվել կարող են կոնկրետ տարածքի վրա։

Առանց տարածքի ի՞նչ ինքնորոշում, հարցնում է արցախցի պատգամավորը, տարակուսելով՝ ինչպե՞ս կարող է ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանը իր հայրենիքը՝ Արցախը համարել ոչ հայկական։

«Այո, դուք իրավունք ունեք, բայց ինքնորոշման իրավունք չունեք, սա շեղելու բանաձև են գտել: Այդ իշխանությունները, որոնք այսօր, ցավոք սրտի, զբաղվում են հայկական հարցով, նրանք ուղղակիորեն այսօր սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, այլ ոչ թե հայկական շահերը: Եվ ամեն իրենց խոսակցությունն ուղղված է հավատարմություն հայտնելով այդ տանդեմին», - ասաց արցախցի պատգամավորը:

Օրերս Արցախի նախագահը փակագծեր էր բացել՝ ասելով, որ Ստեփանակերտի հետ երկխոսելու համար Բաքուն մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես լուծարել Պաշտպանության բանակն ու պետական կառավարման մարմինները, որից հետո արդեն պատրաստ են ճանապարհը բացել արցախցիների համար, բայց արդեն որպես Ադրբեջանի քաղաքացիների։

«Հիմա այն կարծիքը՝ ինչո՞ւ չգնալ Բաքու, որովհետև Բաքուն մեզ հետ մի թեմա է քննարկում այսօր՝ ինտեգրացիայի թեման, երկրորդ թեման չի քննարկում», - ասել է Հարությունյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG