Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Արցախի քաղաքացին ձերբակալվել է, նա տեղափոխվում է Բաքու, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությունը։
Աղբյուրի համաձայն՝ Վագիֆ Խաչատուրյանն անցնում է «դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի դատախազության կողմից հարուցված քրեական գործով՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով»։
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի իրավապահները Խաչատուրյանին մի շարք ծանր հանցանքներ են վերագրում, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում իրականացնելու, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։ Ադրբեջանի գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ Խաչատուրյանը կտեղափոխվի Բաքու։
Արցախի պետնախարարն ավելի վաղ փոխանցել էր, որ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել Արցախի 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Մարդու իրավունքների պաշտպանը այնուհետև պնդել էր, որ Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։
Անցակետից հրապարակված տեսանյութում պատկերված է նաև Արցախի առևանգված քաղաքացին։