Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ, հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ, այս պահին նրա ճակատագիրը անհայտ է, նշել է Պաշտպանը։
Արցախի պետնախարարը փոխանցել էր, որ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել Արցախի 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։
Արցախից ավելի վաղ ահազանգել էին՝ ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, ԿԽՄԿ-ն էլ՝ ահազանգել՝ ոչ մի ճանապարհով ի վիճակի չէ օգնություն հասցնել տեղացիներին։