Այս գիշեր Ռուսաստանը հերթական հրթիռային հարձակումն է իրականացրել Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության և տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ «Կալիբր» հրթիռներն արձակվել են Սև ծովում գտնվող սուզանավից՝ ծայրահեղ ցածր բարձրության վրա։ Նավահանգստի վարչական շենքերից մեկին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 44-ամյա քաղաքացիական աշխատակիցը, հայտնել են «Հարավ» հրամանատարությունից։
Կիպերի խոսքով, բացի բեռների տերմինալին հասցված վնասներից, ոչնչացվել է նաև անվտանգության շենքը և երկու ավտոմեքենա։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերն իրենց հերթին պարզաբանում են, որ երկու «Կալիբր» հարվածել են Օդեսայի շրջանի նավահանգստին՝ դրանք չի հաջողվել խոցել։ Բացի այդ, գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակվել են 8 «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, բոլորը խոցվել են։
Ռուսաստանը հարվածներ է հասցնում Օդեսային և Օդեսայի շրջանին անցած շաբաթվա սկզբից, երբ հայտարարեց, որ դուրս է գալիս հացահատիկի գործարքից: Ուկրաինայի իշխանությունները կարծում են, որ Մոսկվայի նպատակը հացահատիկի արտահանումը խափանելն է։ Ռուս զինվորականները պնդում են, որ հարձակվում են նավահանգիստներում գտնվող ռազմական օբյեկտների վրա, և դա անվանում են «պատասխան հարվածներ» Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունների համար։