Մատչելիության հղումներ

Մոսկվան ենթարկվել է ուկրաինական անօդաչուների հարվածին, տուժածներ չկան


Ոստիկանները փակել են փողոցը, որտեղ ուկրաինական ԱԹՍ է ընկել շենքի վրա, Մոսկվա, 24 հուլիսի, 2023թ.
Ոստիկանները փակել են փողոցը, որտեղ ուկրաինական ԱԹՍ է ընկել շենքի վրա, Մոսկվա, 24 հուլիսի, 2023թ.

Այսօր վաղ առավոտյան Մոսկվան ենթարկվել է ուկրաինական անօդաչուների հարվածներին:

Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ, լուրջ ավերածություններ չկան, բնակիչները չեն տուժել:

ԱԹՍ-ներից մեկն ընկել է Մոսկվայի կենտրոնին մոտ գտնվող Կոմսոմոլսկի պողոտայի շրջանում, մասամբ վնասվել է թիվ 147 շենքը: Քանդվել է տանիքը, կոտրվել են դիմացի շենքի առաջին հարկում գործող խանութի և չորրորդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների ապակիները: Նման վնասներ կան նաև հարևան շենքերից մեկում:

Ըստ Bellingcat վերլուծական կենտրոնի հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևի, հենց այդ շենքի դիմաց գտնվում է ռուսական ռազմական հետախուզության՝ ԳՌՈւ-ի կիբերբանակի կենտրոնակայանը: Այնտեղ են նաև ռազմական համալսարանը և ԳՌՈւ-ի մի քանի գաղտնի այլ օբյեկտներ:

«Եթե ուկրաինացիները հարվածել են այդ շենքերին, ապա առնվազն խորհրդանշական առումով դա էական վնաս է պաշտպանության նախարարության և ԳՌՈւ-ի համար», - ասել է հետաքննող լրագրողը:

Մյուս անօդաչուն հարվածել է Լիխաչյովի փողոցում գտնվող բիզնես-կենտրոնին, կոտրվել են դրա 17-րդ և 18-րդ հարկերի պատուհանների ապակիները:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հարձակումն իրագործած մնացած ուկրաինական դրոնները վնասազերծվել են ռադիոէլեկտրոնային պաշտպանության սարքերով: Կիևը չի մեկնաբանում առավոտյան գրոհը:

Ռուսական մամուլը ենթադրում է, որ գրոհը կազմակերպել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը: РБК-Украина կայքի մի անանուն աղբյուր ասել է. - «Բոլոր ծիտիկները հասան Մոսկվա»: Լուրն այդ գրոհի մասին տհաճություն և մտահոգություն է առաջացրել Մոսկվայում նույնիսկ այն դեպքում, որ մարդիկ չեն տուժել:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ անօդաչուների վնասազերծման հարցով լրագրողները պետք է դիմեն պատկան գերատեսչությանը՝ Պաշտպանության նախարարությանը:

Պեսկովը հավատացրել է, որ ուկրաինական անօդաչուների գործոնը որևէ կերպ չի կարող ազդել Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքի վրա:

«Այն շարունավում է», - ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Մինչդեռ, շարքային բնակիչների համար այդ գրոհներն անակնկալ էին: Շատերն արթնացել են գրոհից:

«Պայթյուն լսեցի, հետո ոչ մի բան, ոչինչ չենք տեսել, թեպետ պատուհանները բաց էին, առավոտյան 4-ն էր, երևի ինչ-որ բան պետք է լսվեր, բայց չկար»,- ասել է Սերգեյ անունով բնակիչը:

«Քնից պայթյունն արթնացրեց, ամեն ինչ ցնցվեց, թվում էր, թե ամբողջ շենքն է փլվում, դուրս նայեցի, աննշան վնասվածք էր, դե ցանկացած պայթյուն է վախենալու։ Հետո համացանցում տեսա, թե ինչ աստիճանի է վնասը»,- ասել է բնակիչներից Պոլինան:

Մոսկվան ահաբեկչություն է անվանել այդ գրոհները: ​Այս տարվա մայիսին երկու փոքրիկ դրոններ հասել են Կրեմլին և հարվածել Սենատի պալատի գմբեթին: Այն աննշան վնաս է կրել է, բացի այդ, մի քանի ԱԹՍ-ներ վնասազերծվել են: Ուկրաինան այդ դեպքերից և ոչ մեկում պատասխանատվություն չի ստանձնել:

Ռուսներն էլ հրթիռներով և անօդաչուներով հարվածում են Ուկրաինայի նավահանգիստներին, մասնավորապես Օդեսայում հացահատիկի պահեստներին, գրոհի է ենթարկվել նաև Ռենի ավանում Դանուբի ձախ ափին գտնվող նավահագնիստը, որը կարևոր տրանպորտային հանգույց է: Այստեղ հատվում են ծովային, ցամաքային և երկաթուղային ճանապարհները: Ռուսական մոտ 15 ԱԹՍ-ներ այսօր հարվածել Ռենիում գտնվող ցորենի երեք սիլոսներին:

Ռենիի նավահանգստից բեռը հնարավոր է փոխադրել ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ Ռումինիա:

Ակնհայտ է, որ ռուսները հենց հացահատիկի փոխադրման հետ առնչվող օբյեկտներն են թիրախավորում, բայց ուկրաինացիների գործողություններն անվանում են ահաբեկչություն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Մոսկվային վերադառնալ հացահատիկի գործարքին:

«Սևծովյան գործարքի չեղարկման հետևանքով ամենաթանկ գինն ամենախոցելի մարդիկ են վճարելու: Բոլորն են վճարելու պարենի գնաճի համար: Մենք արդեն տեսնում ենք չեղարկման բացասական ազդեցությունը ցորենի և եգիպտացորենի համաշխարհային շուկայում: Սա բոլորին կհարվածի, սակայն առավել ծանր կտուժեն իրենց ժողովուրդներին կերակրելու խնդիր լուծող աղքատ երկրները»,- հայտարարել է Գուտերեշը:

XS
SM
MD
LG