Ուկրաինական նավահանգիստները չորրորդ օրն անընդմեջ հրթիռակոծվում են ռուսական ուժերի կողմից։ Ուկրաինակն կողմը սովորաբար հաղորդում էր, որ հակաօդային պաշտպանությանը հաջողվում է ոչնչնացնել հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի մեծ մասը, բայց ռուսները նավահանգիստային ենթակառուցվածքների դեմ սկսել են կիրառել «Օնիկս» տեսակի հրթիռներ, որոնց հայտնաբերլը և ոչնչացնելը դժվար է, և նրանք հասնում են թիրախներին։
Այդ հրթիռները նախատեսված են հակառակոդի ռազմածովային ուժերի նավերը ոչնչացնելու համար։ Ծովի մակերևույթից ընդամենը 10-15 մետր բարձրության վրա, դրանք մեծ արագությամբ՝ ժամում 3 հազար կիլոմետր արագությամբ սլանում են դեպի թիրախները։ Ռուսները հիմա այդ հրթիռները ուղղում են ուկրաինական ծովափնյա քաղաքների վրա, որտեղից իրականացվում էր հացահատիկի արտահանումը։ Հացահատիկի արտահանումը տասնամյակներով կատարվել է նավահանգիստներից, այնտեղ են տերմինալներ կառուցվել՝ միլիոնավոր տոննաներով հացահատիկ ամբարելու ու նավեր բեռնելու համար։ Ռուսները հիմա ոչնչացնում են այդ ենթակառուցվածքները, հրդեհի մատնում այնտեղ մնացած հացահատիկը։
Անցած գիշերվա հրթիռակոծման հետևանքով Օդեսայի տերմինալում հրդեհվել է ևս 100 տոննա ոլոռ և 20 տոննա գարի, հայտնում են տեղի իշխանությունների ներկայացուցիչները։
Մինչ այս գրոհները արտահանման համաձայնագիրը Ռուսաստանի հետ անցած տարի ձեռք էր բերվել Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ։ Համաձայնագրի իմաստը առևտրային նավերի անվտանգությունը ապահովելն էր, որ ռուսները չգրոհեն այդ նավերը, ականազերծ ծովային միջանցքներ բացվեն անվտանգ նավագնացության համար, իսկ նավերի բեռների ստուգումը, որպեսզի նրանք զենք-զինամթերք չտեղափոխեն, իրականացվում էր Թուրքիայում։ Այնտեղ կողմերի ներկայացուցիչներից համակարգող մարմին էր աշխատում։ 2022-ի հուլիսին Ստամբուլում ստորագրված այս համաձայնագիրը աշխատեց մեկ տարի։ Այս ընթացքում Ուկրաինայից դուրս է բերվել գրեթե 33 միլիոն տոննա ցորեն։ Սա մեծ նշանակություն ուներ համաշխարհային պարենային շուկայի ու հատկապես աղքատ երկրների համար, քանի որ Ուկրաինան հացահատիկի արտահանման հիմնական երկերից մեկն է աշխարհում։
Գործարքի ժամկետը ավարտվեց հուլիսի 17-ին։ Ռուսաստանը հայտարարեց, որ այն չի երկարաձգում, քանի որ ռուսական կողմի շահերը հաշվի չեն առնվել, և նույն գիշերը սկսեց հրթիռակոծել ուկրաինական նավահանգիստներ Օդեսան և Նիկոլաևը։
Հացահատիկի արտահանումը շարունակելու ուրիշ երկրների փորձերը կանխելու համար Մոսկվան հայտարարեց՝ առանց Ռուսաստանի մասնակցության այդտեղ ռիսկեր են առաջանում։ Այս մասին լրագրողներին ասել էր Կրեմլի խոսնակը։ Իսկ երկու օր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի հստակ արտահայտվեց՝ Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ նավարկող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռներ փոխադրողներ։
Մոսկվայի հայտարությանը Ուկրաինան պատասխանեց նույնատիպ հայտարարությամբ, որ ռուսական նավահանգիստներ նավարկող նավերը կդիտարկվեն ռազմական բեռ փոխադրողներ։ Կրեմլի խոսնակն, այսօր մեկնաբանելով ուկրաինական կողմի հայտարարությունը՝ ասել է, թե Կիևի անկանխատեսելի գործողությունները, ավելին՝ Կիևի առնչությունը ահաբեկչական գրծողություններին, անշուշտ, պոտենցիալ սպառնալիք են ստեղծում այդ ոլորտում։
Այսօր Ռուսաստանի Սևծովյա նավատորմի ռազմանավերը զորավարժություն են անցկացրել, որի ընթացքում մշակվել են նավագնացության համար ժամանակավորապես փակ տարածքները մեկուսացնելու, այդ տարածքներ ներխուժող նավերը կայանելու գործողություններ, ինչպես նաև հրթիռներ են արձակվել պայմանական «թիրախային նավերի» ուղղությամբ։