Մատչելիության հղումներ

Կիևը հուլիսին վեցերորդ անգամ է ենթարկվել օդային հարձակման


Ռմբապաստարան Կիևում, արխիվ
Ռմբապաստարան Կիևում, արխիվ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի բնակիչներին այսօր արթնացրել է օդային տագնապի շչակը: Հուլիս ամսվա ընթացքում ռուսներն արդեն վեցերորդ անգամ են «Շահեդ» տեսակի իրանական արտադրության անօդաչուներով հարվածում Կիևին: Նախնական տվյալների համաձայն, դրանք վնասազերծվել են: Լուրջ ավերածություններ կամ բնակիչների շրջանում տուժածներ չկան:

Ուկրաինացիներն ասում են, որ հարվածել են ռուսների հրամանատարական կենտրոններից մեկին, ռուսներն էլ, իրենց հերթին, հավատացնում են, որ Դոնեցկի, Կրասնի Լիմանի, Զապորոժիեի և Խերսոնի ուղղություններում հետ են մղել ուկրաինացիների գրոհները:

Ռուսներին զայրացրել է Մոսկվայի վրա նախօրեին փոքրիկ ԱԹՍ-ներ ուղարկելու ուկրաինացիների հանդգնությունը: Դրանք մեծ վնաս չեն պատճառել, բայց բուն փաստը վերլուծաբանները Կրեմլի համար նվաստացուցիչ են համարում: Ռուսների համոզմամբ, այդ գրոհների իրական հովանավորներն արևմտյան գերտերություններն են:

Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան-Պիերն այդ առումով ասել է, որ Միացյալ Նահանգները որևէ եղանակով չի նպաստում Ռուսաստանի տարածքում հարվածներ իրականացնելու ծրագրերին:

«Մենք հստակ հայտնել ենք, որ որպես կանոն չենք աջակցում գրոհներին բուն Ռուսաստանի տարածքում: Բայց նաև շատ պարզ նկատել ենք տվել, որ Ղրիմն Ուկրաինա է։ Ռուսաստանն է սկսել պատերազմը, Ռուսաստանն էլ կարող է այն ավարտել հենց այսօր: Մենք կշարունակենք Ուկրաինային աջակցել անվտանգության գործում, ինչպես դա արել ենք անցած 15 ամիսների ընթացքում, քանի որ նրանք պայքարում են իրենց ազատության և ինքնիշխանության համար»,- ասել է Քարին Ժան-Պիեռը:

Անցած կիրակի օրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Օդեսայի նավահանգստի ցորենի պահեստների հրթիռակոծությունն անպատասխան չի մնա: Ռուսներն արձագանքել են, թե Ղրիմի կամրջի և Մոսկվայի վրա հարձակումներին կտան պատասխաններ: Այդպես, կոնֆլիկտը շարունակում է:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է Սև ծովում «Սերգեյ Կոտով» պարեկանավի վրա ուկրաինական անօդաչուների գրոհի մասին, նշելով, որ երկու ԱԹՍ-ները վնասազերծվել են:

Այդ նավը Սև ծովում մասնակցում է ուկրաինական նավահանգիստների շրջափակմանը: Վերջերս ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել նաև կապ ապահովող «Իվան Խուրս» և հետախուզական խնդիրներ լուծող «Պրիազովիե» նավերին:

Ռազմական փորձագետների համոզմամբ, այս պատերազմը դեռ երկար ժամանակ կտևի: Այդ մասին անուղղակի վկայում են զինծառայության մասին օրենքի լրամշակումները:

Հետայսու Ռուսաստանում զորակոչի ենթակա և ծանուցագիր ստացած քաղաքացիներին կարգելվի լքել Ռուսաստանի տարածքը՝ ծանուցումը հանձնելու փաստաթուղթը գրանցամատյանում մուտքագրելու օրվանից։

Մյուս լրամշակումով զինծառայության տարիքը 2024 թվականի հունվարի 1-ից կլինի 18-ից մինչև 30 տարեկան։

Այս օրինագիծը հեղինակել է Պետական դումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը: Զինվորական տարիքի ստորին շեմը նույնն է մնում՝ 18 տարին, իսկ վերինը ներկայիս 27-ից հասցվում է 30-ի:

Ու թեպետ Դումայում, որպես կանոն, օրինագծերի վերաբերյալ առարկություններ գրեթե երբեք չեն լինում, այս պարագայում օրենսդիր Ելենա Օստանինան շատ զուսպ ձևակերպումներով նկատել է տվել, որ կան խնդիրներ:

«Խաղի հստակ կանոնների բացակայությունն ամեն անգամ անհարկի լարվածություն է առաջացնում հասարակությունում» ,- ասել է Օստանինան:

Պատգամավոր Անդրեյ Կրասովը, սակայն, հավաստիացրել է, որ սա ճիշտ որոշում է և փիլիսոփայական պարզաբանում է տվել:

«Փոխելով զորակոչի տարիքը, մենք ի՞նչ ենք անում, գործընկերներ: Մենք ընդարձակում ենք զորակոչային ռեսուրսը, բոլորս գիտենք փիլիսոփայությունից, որ քանակական փոփոխությունը որակական փոփոխություն է տալիս»,- ասել է Կրասովը:

XS
SM
MD
LG