Մատչելիության հղումներ

Երրորդ օրն անընդմեջ հրթիռակոծվում է Օդեսան


Անցած գիշերվա հրթիռակոծության հետևանքներն Օդեսայում
Անցած գիշերվա հրթիռակոծության հետևանքներն Օդեսայում

Ռուսաստանի կրկին ուժգին ռմբակոծել է Ուկրաինայի սևծովյան քաղաքները, երրորդ գիշերն անընդմեջ՝ Օդեսան։ Կան զոհ և վիրավորներ։ Անօդաչու սարքերից մեկը խոցել է մանկապարտեզի շենքը։

«Նրանք ահաբեկիչ են, մարդ չեն։ Այստեղ մանկահասակ երեխաներ են խաղում, ինչպե՞ս կարելի է այս շենքը թիրախավորել։ Տեսեք ինչ են արել...», - պատմում է օդեսացի ականատեսը։

Ուժգին ռմբակոծության է ենթարկվել Նիկոլաև քաղաքը, որտեղ վիրավորվել են քսանից ավելի խաղաղ բնակիչնեև, այդ թվում երեխաներ։ Այս պահին հայտարարվում է մեկ զոհի մասին, ում մարմինը դուրս են բերել փլատակներից տակից։

Ուկրաինական կողմի տվյալներով, այս գիշեր երկրի հարավային շրջաններին հարվածելու համար ռուներն օգտագործել են 19 թևավոր հրթիռ և նույնքան անօդաչու թռչող սարք։

Իսկ ռուսական կողմը հաղորդում է Ղրիմին անօդաչուներով հարվածելու մասին՝ հայտարարելով, թե հարվածից Ռազդոլնոյե ավանում անչափահաս աղջիկ է մահացել։

Չդադարող զանգվածային ռմբակոծության պայմաններում ուկրաինական կողմը շարունակում է հակահարձակումը՝ գրոհելով ռուսների դիրքերը հարավում և Բախմուտի մոտակայքում։ Միևնույն ժամանակ ռուսները նույնպես փորձում են առաջ գնալ Կուպյանսկի, Լիմանի ուղղություններով։

Ուկրիաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը AFP-ին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների ազատագրումը կլինի բարդ և երկար. - «Սա բավականին բարդ, երկար և շատ ժամանակ պահանջող գործընթաց է։ Այժմ մարտադաշտում առաջընթացը շատ դանդաղ է, սակայն ուկրաինական բանակի հարձակողական գործողությունների թիվը աստիճանաբար ավելանում է, և հարձակման համար պատրաստված ոչ բոլոր բրիգադներն են դեռ ներգրավված մարտի դաշտում»։


Պոդոլյակը նաև ասել է, որ դժվարությունները կապված են օկուպացված տարածքների խիտ ակնապատման, ինչպես նաև զրահատեխնիկայի բացակայության հետ։

Այդ բացը լրացնելու համար Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային մոտ 1,3 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այն ներառում է, ի թիվս այլնի, չորս NASAMS զենիթահրթիռային համակարգեր՝ զինամթերքով, հրետանային արկեր, անօդաչու թռչող սարքեր, տանկեր:

Միացյալ Նահանգները Ուկրաինային ռազմական օգնության նախորդ փաթեթի մասին հայտարարել էր հուլիսի 7-ին։ Այն առաջին անգամ ներառում էր կասետային զինամթերք։ Այնուհետև հայտարարվեց, որ դրանք արդեն հասցվել են Ուկրաինա, սակայն մինչ այժմ ռազմաճակատում դրանց օգտագործման մասին տեղեկություններ չկան։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Միացյալ Նահանգներն այս երկրին արդեն տրամադրել է ավելի քան 40 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։

Արդեն մեկ ու կես տարուց ավելի տևող պատերազմը տասնյակ հազրավոր մարդկանց կյանքեր է խլել։ 2022-ի փետրվարից մինչև 2023-ի մայիսը «Վագներ» ռուսական մասնավոր ռազմական ընկերությունը ունեցել է 22 հազար զոհ, ինչը գրեթե յուրաքանչյուր երրորդ վարձկանն է: Նման գնահատական է հայտնվել «Վագների» վերահսկողության տակ գտնվող Թելեգրամ ալիքներից մեկում։

Մոսկվան սեփական կորուստների մասին վաղուց չի հայտնել, վերջին անգամ Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերին էր հաղորդել շուրջ վեց հազար զոհերի մասին, սակայն այն ժամանակ նույնիսկ ռուս բլոգերները քննադատեցին Պաշտպանության նախարարությանը իրական թվերը թաքցնելու համար։

Այսօր «Վագների» վարձկանները չստացված ապստամբությունից հետո այլևս չեն կռվում Ուկրաինայում, նրանց ստորաբաժանումների մի զգալի հատված տեղափոխվել է Բելառուս։

Եվգենի Պրիգոժին
Եվգենի Պրիգոժին

Երեկ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հունիսյան ապստամբություն հետո առաջին տեսահոլովակն էր հրապարակել, որում կրկնին քննադատել էր ռուսական բանակը․ - «Այն, ինչ այսօր կատարվում է մարտի դաշտում խայտառակութուն է, որին մենք չպետք է մասնակցենք»։

Տարբեր աղբյուրներ հայտնում են որ այսօր Բելառուսի տարածքում են «Վագների» տասը հազարից ավելի վարձկաններ։ Բելառուսի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ բելառուսական բանակի զինծառայողները զորավարժություններ կանցկացնեն «Վագների» վարձկանների հետ Լեհաստանի սահմանի մոտ գտնվող Բրետսկի պոլիգոնում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG