Մատչելիության հղումներ

Ովքե՞ր են սպորտային քաղաքացիությունը փոխած հայտնի ռուս մարզիկները


Նաիր Տիկնիզյան, Ելենա Սթար, Ալեքսանդրա Կոստենյուկ, Դանիլ Կվյատ, Դիանա Դևիս, Գլեբ Սմոլկին. մարզական քաղաքացիությունը փոխած հայտնի ռուսաստանցի մարզիկներն են։ Շարքն այսքանով չի ավարտվում։ Ռուսաստանցի ավելի քան 200 մարզիկներ են փոխել իրենց սպորտային քաղաքացիությունը կամ պատրաստվում են դա անել, որպեսզի կարողանան մասնակցել միջազգային մրցույթներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում։

Ռուսաստանյան «Խոլոդ» պարբերականի ավելի վաղ հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ մարզական քաղաքացիությունը փոխել է 141 շախմատիստ, գեղասահքի և ձիասպորտի ՌԴ հավաքականները կորցրել են 11-ական մարզիկ, ինչպես նաև թենիսիստներ, ռիթմիկ մարմնամարզիկներ։

Նաիր Տիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան է, Ռուսաստանի Սուպերգավաթի հաղթող: 2023-ին նա հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական։

«Ես չէի կարող չօգտվել հնարավորությունից և չխաղալ միջազգային մակարդակի բարձրակարգ թիմերի դեմ»,- խոսելով Հայաստանի հավաքականին միանալու որոշման մասին՝ ասել է Նաիր Տիկնիզյանը։

Ելենա Սթարը ձիարշավորդ է։ Նա այն քիչ մարզիկներից է, որը խոստովանել է՝ որոշել է փոխել ՌԴ քաղաքացիությունը պատերազմի պատճառով. - «Վերջին տարվա ընթացքում սիրտս այնքան է կոտրվել, որ ես ինձ անօգնական էի զգում Ուկրաինայում գտնվողների նկատմամբ, որոնց կյանքն անասելի փոխվել է»։

Ելենա Սթարը տեղափոխվել է Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիա, այժմ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Ալեքսանդրա Կոստենյուկը գրոսմայստեր է, աշխարհի տասներկուերորդ չեմպիոն, ՌԴ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Շախմատային օլիմպիադայի եռակի հաղթող։ 2022-ի մարտին նա բաց նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ 2023 թվականի մարտին Կոստենյուկը հայտարարել է, որ այժմ մրցույթում կներկայացնի Շվեյցարիան։

Դանիլ Կվյատը «Ֆորմուլա 1»-ի մասնակից է, 2013-ի GP3 ավտոմրցաշարի հաղթող։ 2023-ի ապրիլին Կվյատը հայտարարել է. - «Ակնհայտ է, որ այս պահին աշխարհում շատ տխուր իրադարձություններ են տեղի ունենում։ Ես մեծացել եմ Իտալիայում, և մենք որոշեցինք, որ հանդես կգամ իտալական արտոնագրով և Իտալիայի դրոշի ներքո»։

Դիանա Դևիսը և Գլեբ Սմոլկինը գեղասահորդներ են։ Դևիսը Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեի դուստրն է, Սմոլկինը՝ ռուս դերասան Բորիս Սմոլկինի որդին։ Նրանք 2021-2022-ին ՌԴ առաջնության արծաթե մեդալակիրներ են։ 2022-ին Պեկինի Օլիմպիական խաղերում զբաղեցրել են 14-րդ տեղը։ 2023-ի հունիսից հանդես են գալիս Վրաստանի դրոշի ներքո։

Մարզիկների մեծ մասը հրապարակավ չի խոսում սպորտային քաղաքացիությունը փոխելու մասին։ «Խոլոդ»-ը կասկածում է,որ նրանց իրական թիվը շատ ավելի մեծ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG